Համավարակային պայմաններն ամենուր իրենց կանոնակարգն են թելադրում: Աշխարհում մեծ մասամբ անցում է կատարվում հեռավար հաղորդակցության մեխանիզմներին՝ թագավարակի տարածումը կանխելու նպատակով:
Այս առումով բավականին ակտուալ են դարձել ուղիղեթերային միացումները մարդկանց տներ: BBC հեռուսատաընկերությամբ հեռարձակվող լրատվական ուղիղեթերային հաղորդումներից մեկի ժամանակ բավականին զվարճալի միջադեպ է գրանցվել:
Լրագրողը, կապ հաստատելով առողջապահական ոլորտի մասնագետ, փորձագետ Քլեր Ուենհեմի հետ, ակամա զրույցի է բռնվել նրա փոքրիկ դստրիկի հետ: Արդյունքում բավականին զվարճալի տեսարան է ստացվել:
Մոր խոսքի ժամանակ անցուդարձ անող փոքրիկ Սկարլետը միջամտել է մոր խոսքին, երբ հաղորդավարը հարցրել է փորձագետի դստրիկի անունը: Երեխան էլ իր հերթին է հաղորդավարի անունը հարցրել, ապա փորձել է ճշտել, թե ով է նա:
Մինչ մայրը կներկայացներ իր ուսումնասիրությունների արդյունքները, հաղորդավարը պատասխանում է, որ իր անունը Քրիստիան է: Այս երկխոսության նկարահանված տարբերակը կարող եք դիտել ստորև բերված փոքրիկ, զվարճալի հոլովակում: