Քաղաքացիների հեռախոսազանգերի շնորհիվ ոստիկանությունը պարզել է, որ Աբովյան քաղաքի տաքսու վարորդներից մեկը շարունակել է տաքսի վարել նույնիսկ այն բանից հետո, երբ թագավարակի առկայության ստուգիչ թեստը դրական արդյունք է արձանագրել:
Նա հունիսի 20-ին հանձնել է համավարակի առկայությունը ստուգող թեստ, որից երկու օր անց՝ առավոտյան իրազեկվել է, որ թեստի պատասխանը հաստատում է համավարակի առկայությունը:
Քաղաքացուն և ընտանիքի անդամներին հրահանգվել է ինքնամեկուսանալ և իրենց առողջական վիճակի մասին տեղեկություն հայտնել պարբերաբար:
Հունիսի 24-ին Աբովյանի ծննդատան մոտ, որտեղ սովորաբար կանգնում է իր մեքենայով վարորդը, վիճաբանություն է տեղի ունեցել: Վարորդի գործընկերները վիճել են նրա հետ՝ պահանջելով, որ այլևս չգա այնտեղ, քանի որ երկկողմանի թոքաբորբ է տանում:
Ականատեսներից մեկը անմիջապես զանգել է ոստիկանություն: Տարված աշխատանքներից հետո էլ հստակվել է, որ անձն իսկապես դրական արդյունքով վարակակիր է, սակայն մի քանի օր շարունակել է այդ վիճակով աշխատել՝ շփվելով տարբեր մարդկանց հետ: