Բանաստեղծուհի, հրապարակախոս Մարի Առաքելյանը կոչով ու խնդրանքով դիմել է հանրությանը: Նա պատմել է, որ իր դուստր Սոնան մասնագիտությամբ բուժքույր է ու աշխատում է Կապանի բժշկական կենտրոնում:
Սոնան արդեն մի քանի ամիս է, ինչ իր գործընկերների հետ պայքարում է Կապանի ու հարակից տարածքների հիվանդ քաղաքացիների կյանքի համար: Մայրը պատմում է, որ եթե նրա գործընկերներն աշխատում են հերթափոխով, ապա Սոնան արդեն մի քանի ամիս է, ինչ իր կամքով մնացել է աշխատանքի վայրում, տուն չի վերադարձել:
Դստեր ջանքերի մասին պատմելով՝ Մ. Առաքելյանը վերստին հորդորում է մարդկանց դիմակներ դնել, և դնել պարտաճանաչորեն: Բերելով օրինակներ, թե ինչպես են քաղաքացիները հաճախ դիմակները կրում միայն ձևական բնույթով՝ հրապարակախոսը խնդրում է առավել բարեխիղճ վերաբերվել այդ հարցին:
Մ. Առաքելյանը վստահ է, որ միայն յուրաքանչյուրի բարեխիղճ վերաբերմունքի դեպքում կարող են հաղթահարվել առաջացած համաճարակային դժվարությունները և վերադառնալ բնականոն կյանքի հուն: