Սանկտ Պետերբուրգից Զելենոգորսկ մեկնող ավտոբուսը Պրիմորսկի շրջանի Օլգինո գյուղի մոտ սկսել է այրվել՝ ընթացքի ժամանակ, երբ մեջը հիսուն մարդ է եղել։
Վարորդը՝ 43-ամյա ուզբեկ Աբդուրման Կարշիևը, նկատել է՝ շարժիչից սև ծուխ է դուրս գալիս, կանգնեցրել է ավտոբուսը և արագ տարհանել սրահում գտնվող հիսուն ուղևորներին՝ բացելով ավտոբուսի բոլոր դռները և ղեկավարելով տարհանումը։
«Третий парк» ՍՊԸ-ի մամուլի ծառայությունը, որին պատկանում է ավտոբուսը, նշել է՝ ուղևորները փրկվել են ուզբեկ վարորդի գրագետ գործողությունների շնորհիվ։ Նա որպես վարորդ աշխատում է արդեն 14 տարի, վերջին 4 տարին՝ «Третий парк» ՍՊԸ-ում։ Տղամարդն օրվա հերոս է դարձել ողջ Ռուսաստանի համար, բոլորը խոսում են նրա մասին և շնորհակալություն հայտնում փրկության համար։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել․ ուղևորներն սպասել են հաջորդ ավտոբուսին և շարունակել ճանապարհը։
Վարորդը, տարհանումը կազմակերպելուց հետո, փորձել է ինքնուրույն մարել կրակը՝ օգտագործելով երեք կրակմարիչ, սակայն դա նրան չի հաջողվել։ Հրդեհը մարել են դեպքի վայր եկած հրշեջները։ Սխրանքի համար վարորդը պարգևավճար և պատվոգիր կստանա ընկերության կողմից։ Իրապես, հարգանքի է արժանի անձնազոհ այս տղամարդու արարքը, ով, վտանգելով իր կյանքը, չի կորցրել պրոֆեսիոնալիզմը և մարդկային կյանքեր փրկել։