Առավոտյան ցավալի ու աննախադեպ դեպքի մասին հանրայնացվեց: Ըստ հրապարակումների դեռ անհայտ համարվող անձիք կորոնավիրուսով վարակված մարտունեցիների տան պատերին, պրսպին ու դարպասին վիրավորական արտահայտություններ են թողել, ինչպես օրինակ՝ «վիրուսակիրներ», «վարակակիրներ» և այլն:
Առաջին հերթին նկատելով սա հարևանները՝ նրանք անմիջապես համապատասխան մարմիններին են տեղյակ պահել: Հայտնի է, որ տանը դեռ ոչ ոք չի բնակվում: Բնակիչները մեկուսացման մեջ են:
Հարևանների համար ցավալի է եղել տեսնել խուլիգանության և անհանդուրժողականության այսօրինակ դրսևորում, քանի որ պարզ է՝ վարակակիրները մեղավոր չեն և որևէ ամոթալի բան չեն արել, որ նման դատապարտության արժանանան:
Ոստիկանական ուժերի միջոցով տարվում են մաքրման աշխատանքներ: Այս դատապարտելի երևույթի մասին տարբեր անձիք են արտահայտվել՝ անհանդուրժելի համարելով եղածը:
Դեռևս արարքի հեղինակներն անհայտ են: Նրանց փնտրում են, իսկ հարևանները նույնիսկ հեռավոր կասկածներ չունեն, թե ովքեր կարող են կանգնած լինել այդօրինակ անընդունելի և արատավոր երևույթի հետևում: