Այսօր Հայաստանում ևս մի ցավալի և անդառնալի կորուստ է գրանցվել. կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը, ով իր մարդկային բարձր հատկանիշներով երկար տարիներ օրինակ ու բացառիկ կերպար էր հայկական իրականության մեջ:
Անմնացորդ նվիրվելով կինային՝ նա ողջ կյանքը տվեց հայկական կինոարվեստի բարձրացման և կատարելագործման համար: Հայաստանի համար ծանրագույն օրերին Մարտուն Ադոյանի շնորհիվ հայկական կինոարվեստը չընկրկեց, երևանյան «Մոսկվա» և Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնները շարունակեցին իրենց գործունեությունը:
Չնայած բազում խոչընդոտների ու դժվարությունների՝ կինոթատրոնները շարունակեցին իրենց աշխատանքները՝ հետագայում ծաղկում ապրելով:
Լինելով բազմաթիվ ֆիլմերի կինոպրոդյուսեր՝ արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների ու պարգևների:
Մ. Ադոյանի անունը մեկընդմիշտ փառքով ու պատվով է գրվել հայ կինեմատոգրաֆիայի, կինո արվեստի պատմության մեջ՝ որպես նվիրյալ գործիչ, ինչպես որ նա էր ամբողջ էությամբ ու բնույթով ամուր կապված հայրենի հող ու ջրին, արմատներին: