Հանճարեղ Շիրազի ծննդյան օրն է. շիրակյան ձյունաճերմակ թարմություն բերողը

Շիրազի մուտքն ազդեցիկ էր հայ գրականության անդաստան, բերածը՝ շիրակյան ձյունաճերմակ թարմություն: Նրա մուտքն անմիջապես ընդունվեց նույն ոգևորությամբ, ինչպիսին պոետի ներաշխարն էր:

Բուռն ընդունելության և հաջողության գաղտնիքը բանաստեղծի ոճի և գեղարվեստի բարձրարժեքության մեջ էր. նրա պոեզիան վեր է սովորականությունից, առօրեական իրարանցման արձանագրական մոտեցումից:

Շիրազի բանաստեղծական ճշմարտությունը, միանգամայն հեռու մնալով երևույթների արտաքին կեղևը ներկայացնելուց, հակված է դեպի իրերի էության ճանաչումը:

Հովհ. Շիրազի բանաստեղծական ժառանգությունը մեկ ամբողջական ու միասնական քնարական աշխարհ է՝ իր տարբեր թեմաներով ու նրանց փոխներթափանցումներով: Շիրազի սիրո քնարերգությունը նրա խոր մարդերգության և հզոր բանաստեղծական դրսևորումներից մեկն է և իր պատվավոր տեղն ունի համաշխարհային սիրերգության մեջ:

Իր ստեղծագործության հիմքում դնելով հայրենիք-մայր-սեր եռանկյունին՝ հանճարեղ բանաստեղծն իր խոհափիլիսոփայական մտքերի խորությամբ գեղարվեստական նորանոր տարածքներ է նվաճել:

Շիրազի հանճարեղությունը ավանդականի և նորարարականի գեղեցիկ համատեղել կարողանալու մեջ է:

Նա հավատարիմ իր սկզբունքներին՝ երգում է սեր, գարուն, հայրենիք, մայր, իր քնարը նվիրում այսպես կոչված «հավերժական թեմաներին»: Նրա քնարերգության մեջ հաստատուն տեղ է զբաղեցնում մայրական թեման:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: