Ցավալի լուր՝ առողջապահության նախարարությունից․ մահացել է կորոնավիրուսով հիվանդ 4-րդ պացիենտը։ Նա 89 տարեկան էր, տառապում էր նաև երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով, ուներ քրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային հիպերտոնիա և շաքարախտ։ Բժիշկներն ամեն ինչ արել են՝ պացիենտի կյանքը փրկելու համար, սակայն չեն կարողացել՝ տարիքի և ուղեկցվող հիվանդությունների պատճառով։
Անչափ ցավալի է նման բոթը, հատկապես այս լարված շրջանում։ Նման գույժերը կրկին ու կրկին ապացուցում են․ ինքնամեկուսացումն ու սանհիգիենայի պահպանությունն առողջության գրավական են դեպքերի մեծամասնությունում։
Այնպես որ պետք է մնալ տանը, ինքնամեկուսանալ և հնարավորինս հեռու լինել տարեցներից ու քրինիկ հիվանդություններ ունեցողներից, քանզի նրանք ամենախոցելին են այս վիրուսի նկատմամբ՝ իմունային համակարգի թուլության ու զուգակցվող հիվանդությունների ստեղծված բարդությունների պատճառով։
Միմիայն ինքնամեկուսացումն այս պարագայում կարող է օգնել հաղթահարել այս ծանր վիճակը ու պատվով դուրս գալ համավարակային աղետի վիճակից, որի մեջ թաթախվել է ողջ աշխարհը։