Այսօր հայ մեծանուն դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 90 տարեկան։
Մեծանուն դերասանը ծնվել է 1930-ի ապրիլի 1-ին՝ Երևանում։ Սովորել է թատերական ինստիտուտում, և, 1951-ին ավարտելով դերասանական ֆակուլտետը, սկսել է աշխատել դրամատիկական թատրոնում։ Նրա անզուգական խաղն անմոռանալի է հանդիսատեսի համար, իսկ իր կերտած մեծագույն դերերը՝ Պեպոն, Ռոմեոն, Օթելլոն, Արա Գեղեցիկը, Մյասնիկյանը, Արշակ արքան, Գայը և այլն, գերել են իրենց պրոֆեսիոնալիզմով ու հիանալի խաղով։ Իր դերակատարություններն անհնար է պատկերացնել առանց խորը դրամատիզմի ու հոգեվերլուծության, արտիստական համարձակ խառնվածքի։
Մեծ պատիվ է ունեցել 1979-ից 1984 թվականներին լինել թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-ից 1995 թվականները՝ գեղարվեստական ղեկավար։ Իր մեծագույն վարպետությունը ցուցադրել է նաև ֆիլմերում՝ կերտելով Գևորգի, Ռոստոմի, Մյասնիկյանի, Պավլեի և այլ հիշվող կերպարներ։ Իր հիանալի վարպետությունը ցուցադրել է նաև ռադիո- և հեռուստաբեմադրություններում և ասմունքի երեկոներում։
Երկրային կյանքը լքել է 2004-ի դեկտեմբերի 10-ին։ Հուղարկավորված է Կոմիտասի անվան պանթեոնում։