Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հուզիչ անակնկալ է պատրաստել այս օրերին առաջնագծում կորոնավիրուսյան ախտի դեմ պայքար մղող բոլոր բուժաշխատողներին։ Երաժիշտներն այդկերպ իրենց մեծագույն երախտագիտությունն են հայտնում բուժաշխատողներին՝ անձնուրաց աշխատանքի համար:
Երաժիշտներից յուրաքանչյուրն իրենց տանը նվագում էր, իսկ Սմբատյանը՝ դիրիժորություն անում։ Այդկերպ նրանք կոչ են անում մնալ տանը՝ կանխելով կորոնավիրուսյան ախտի տարածումը և թեթևացնելով բժիշկների գործը։ Նրանք առողջություն են մաղթել բոլորին՝ հույս հայտնելով իրենց կատարմամբ ոգեշնչել բոլոր բուժաշխատողներին։
Իրապես այս ծանր օրերին անգնահատելի է նման վերաբերմունքը բուժանձնակազմի հանդեպ։ Անչափ կարևոր է գիտակցությունը՝ տանը մնալն իրապես կյանքեր ու առողջություն կփրկի, ինչու ոչ նաև կթեթևացնի բուժաշխատողների ու պատկան մարմինների օր ու գիշեր ռեժիմով աշխատանքը։
Կրկին ու կրկին պետք է կոչ անել ու գիտակցել․ ինքնամեկուսանալ, մնալ տանը և սպասել իրավիճակի բարելավմանը։