Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանը շատ ու շատ այլ երկրների նման համառ պայքար է տանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և առկա վարակը վերացնելու ուղղությամբ: Պայքարի առաջնագծում կանգնած են բուժաշխատողները: Արդեն որքան ժամանակ է, ինչ բուժաշխատողների մեծ մասը տուն չի գնում:
Տուն չգնալը պայմանավորված է նախ և առաջ անվտանգության նկատառումներով: Կա որոշակի մտավախություն, որ նրանք, օրվա մեջ շփվելով շատ վարակված անձանց հետ, կարող են վարակը տանել նաև տուն:
Բացի այդ, նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը նրանց թույլ չի տալիս տուն գնալ: Նրանք ստիպված են լինում գիշերել աշխատավայրում:
Եղան բազմաթիվ դեպքեր, երբ բուժաշխատողները նախաձեռնեցին ակցիաներ, որոնց միջոցով դիմեցին հանրությանը տանը մնալու և առկա խնդրին լրջորեն վերաբերվելու խնդրանք-հորդորով:
Այս անգամ ակցիայով հանրությանը դիմել են բուժաշխատողների երեխաները: Նրանք լուսանկարվել են հատուկ ասելիքով պաստառները ձեռքերին՝ խնդրելով և հորդորելով մարդկանց, որ տանը մնան, որ իրենց ծնողները կարողանան ի վերջո իրենց ընտանիքներ վերադառնալ: