Դժվարագույն օրեր է ապրում համաշխարհային մարդկությունը: Եկավ կորոնավիրուսը և կտրեց մարդուն մարդուց, մարդուն աշխարհից. այն արտակարգ օրակարգ է թելադրել բոլորին: Օրվա հրամայականը դարձել է տանը մնալը և ոչ ոքի հետ շփում չունենալը:
Շատ բժիշկներ տարբեր երկրներից տարբեր կոչերով դիմել են իրենց երկրի բնակչությանը՝ ելնելով տվյալ իրավիճակից:
Հայ բժիշկները ևս կոչ-հորդորով դիմել են հայ հանրությանը՝ խնդրելով, որ հնարավորինս մնան տանը:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, որ ներկայումս համարվում է վիրուսի դեմ պայքարի հիմնական ծանրության կենտրոնը, ունի մի շարք հրաշալի մասնագետ բուժաշխատողներ, ովքեր ֆլեշմոբ են կազմակերպել՝ լուսանկարվելով սպիտակ թղթին գրված հատուկ ուղերձով. ես հանուն քեզ տուն չեմ գնացել, դու հանուն մեզ տանը մնա:
Ուղերձի հիմնական ասելիքը ևս մի անգամ մարդկանց հիշեցնելն է, թե ներկա պահին որքան կարևոր է յուրաքանչյուրի պատասխանատու վերաբերմունքը, որն այս պարագայում արտահայտվում է պարզապես տնից դուրս չգալով և այլոց հետ չշփվելով: