Մոնակոյի 62-ամյա իշխան Ալբեր II-ը վարակվել է իսկական չարիքի վերածված կորոնավիրուսով։ Թե ով է նրան փոխանցել տխրահռչակ վտանգավոր հիվանդությունը, չի նշվում։ Հայտնի է միայն, որ Ալբերը բժիշկների հսկողության տակ է և նրա վիճակը վտանգ չի ներկայացնում։
Իշխանն անալիզ է հանձնել շաբաթվա սկզբին, և այն դրական է եղել, ինչից հետո նա որոշել է ինքնամեկուսանալ և շարունակել աշխատել իր առանձնատան աշխատասենյակից։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ իշխանն անընդհատ կապի մեջ է իր կաբինետի անդամների հետ, ինչպես նաև երկրի կառավարության։
Ալբերը նաև խորհուրդներ է տվել Մոնակոյի ժողովրդին՝ խնդրելով սահմանափակել տեղաշարժը, և, հնարավորության դեպքում, սոցկոնտակներից հրաժարվել։ Հաղորդագրության մեջ չի շնվում՝ շփվում է Ալբերն իր կնոջ՝ Շարլենի և երեխաների՝ Օնորեի և Գաբրիելլայի հետ։
Ամենայն հավանականությամբ, նա կրճատել է շփումն ընտանիքի հետ՝ նրանց չվարակելու համար։