Էջմիածնում հակավիրուսային մեծ աշխուժություն է տիրում: Քաղաքում նախաձեռնվում են մի շարք բարեգործական ծրագրեր: Դեռ առավոտվանից երիտասարդների մի խումբ սպիրտային և ալկոգելային սրվակներ էր բաժանում քաղաքի պատահական անցորդներին:
Հետո քաղաքապետարանը բուժհաստատության աշխատողներին ուրախացրին հետաքրքիր ու հաճելի անակնկալներով՝ նրանց ծաղիկներ և այլ հաճելի իրեր նվիրելով:
Քաղաքը կարծես միավորված, մի բռունցք դարձած լինի. մարդիկ օգնում ու աջակցում են իրար ով ինչով կարող է:
Քաղաքապետ Դիանա Գասպարյանը սոցցանցային գրառում է կատարել՝ տեղեկացնելով մեկ այլ բարեգործական նախաձեռնության մասին:
Այս անգամ մի շարք կազմակերպություններ և անհատներ միացել են տարեցներին սնունդ մատակարարելու գեղեցիկ գաղափարի շուրջ:
Հավաքվել է պարենի ահագին պաշար, որը կամավորների կողմից փաթեթավորվել և բաժանվել է տարեց քաղաքացիներին:
Կամավորները այցելել են հարյուրավոր տարեցների բնակության վայրեր և փոխանցել պարենով լի տոպրակները:
Քաղաքապետն իր էջում ներկայացրել է նախաձեռնության իրագործման ժամանակ արված լուսանկարներ՝ նշելով, որ քաղաքում համընդհանուր համերաշխություն է տիրում: