Էջմիածինը ներկայումս շատ դժվարին պայքարի մեջ է. պայքարում է աշխարհին պատուհասած նոր վիրուսի տարածման դեմ: Արդեն մի քանի օր է Էջմիածնի քաղաքապետարանը ամենօրյա քլորաջրային մաքրման աշխատանքներ է տանում քաղաքի փողոցներում:
Այսօր ևս քաղաքում իրականացվել են փողոցների ախտահանման և մաքրման գործընթացներ: Քաղաքապետ Դիանա Գասպարյանը սոցցանցային հրապարակում է արել՝ գրելով, որ չնայած ժամանակակից տեխնոլոգիաներ չունենալուն՝ իրենք այնուամենայնիվ կարողանում են ունեցած տեխնիկայով իրականացնել ժամանակակից մաքրում, ախտահանում:
Նրանք ժամանակակից տեխնիկայի բացը փորձել են լրացնել հետաքրքիր լուծումներով, որոնց շնորհիվ եղած տեխնիկական միջոցներով հրաշալիորեն կազմակերպում են լիարժեք մաքրման գործընթացը:
Քաղաքում ջրցան մեքենաների հետ զուգահեռ աշխատել են նաև տրակտորներ, որոնք ախտահանել են մասնավորապես քաղաքային բանուկ փողոցները: Բացի այս, հատուկ ուշադրություն են դարձվում քաղաքային հասարակական սպասարկման վայրերի հիգիենիկ մաքրությանն ու ախտահանմանը:
Կից ներկայացված են մաքրման գործընթացի ժամանակ արված լուսանկարները: