Դերասաններ Էմիլի Բլանթը և Ջոն Կրասինսկին ամուսնացել են 2010 թվականին և մինչ օրս համարվում են ամենառոմանտիկ ու ամուր հոլիվուդյան զույգերից մեկը։
Այն ժամանակ նրանց հարսանիքն ամենաքննարկվողն էր մամուլում, բայց հարսանեկան ոչ մի լուսանկար այդպես էլ երբեք չհայտնվեց համացանցում։
Եվ օրերս, Ջեյմս Քորդենի շոուի ընթացքում Բլանթը պատմել է՝ ինչու այսքան ժամանակ չի հրապարակվել ոչ մի լուսանկար։ Բանն այն է, որ դերասանուհին որոշել է գումար խնայել․․․․ արևայրուքի ցողաշիթի վրա։
«Որոշեցի մի փոքր խնայել և բյուջետային արևայրուքի ցողաշիթ վերցրեցի։ Նայում եմ լուսանկարներին ու հասկանում, որ անբնական նարնջագույն մաշկ ունեմ՝ մի փոքր բծավոր։ Ես նաև հիշում եմ՝ ինչ զզվելի հոտ ուներ այն։ Բացի այդ, շատ շոգ օր էր ու ցողաշիթն սկսել էր ծորալ մաշկովս, իսկ զգեստս սպիտակ էր։ Զգեստիս վրա նարնջագույն բծեր էին հայտնվում։ Դա սարսափելի էր»,- նշել է Էմիլին՝ ավելացնելով՝ հիմա ծիծաղելի է այդ ամենը հիշելը, բայց այն ժամանակ ծիծաղելի չէր ընդհանրապես։