Անահիտն անցել է կյանքի դժվարին, բայց և փառունակ ճանապարհ: Դեռ տակավին երիտասարդ կինն իր մանկահասակ երեխաների ներկայությամբ ականատես է լինում ադրբեջանցիների կողմից սիրելի ամուսնուն թրատելուն:
Այդ ճակատագրական դեպքն էլ պատճառ է դառնում, որ Անահիտն անվերադարձ նվիրվի զինվորական ծառայությանն ու հայրենիքի պաշտպանությանը: Նա իր կամքով և ուժով հասնում է այնպիսի մեծ վստահության, որ դառնում է նույնիսկ զինվորական ջոկատի հրամանատար:
Անահիտի անմիջական մասնակցությամբ բազմաթիվ արցախյան հողեր են ժամանակին ազատագրվել: Նրա կանացի, բայց համարձակ ներկայությունը մշտապես ոգևորել և առաջ է մղել բոլոր զինվորներին: Նրանք հաճախ են մեծ ավարով վերադարձել մարտական գործողություններից, և դրանում մեծ է եղել նաև Անահիտի դերը:
Անահիտը հայկական հողերը հետ վերադարձնելու անխախտ սկզբունք ուներ. նրան միայն ամուսնու վրեժը չէր առաջնորդում: Այժմ նրա մասին բազմաթիվ հերոսական լեգենդանման պատմություներ են պտտվում ժողովրդական շրջանակներում: Անահիտը հայ կնոջ անկոտրում ոգու կենդանի խորհրդանիշն է: