Չարենցն այն անտակ ու խորունկ օվկիանոսն է, որից սնվել և սնվելու են սերունդներ: Հայ ժողովուրդը դեռ չի ծնել այնպիսի մի այլ հանճարեղ զավակ, որն իր մտքի ճկունությամբ ու արտահայտման յուրօրինակությամբ կարողանա համեմատվել այս հրաշք անհատականության հետ:
Չարենցի մասին գրվել ու գրվելու են բազմաթիվ ու բազմազան ուսումնասիրություններ, քանզի նրա թողած ժառանգությունը տալիս է ուսումնասիրության համար անսպառ նյութ:
Լինելով իր ժամանակի զավակը՝ նա նաև մի քանի քայլով առաջ էր այդ ժամանակից: Ժամանակակիցներից բոլորը, ովքեր առիթ են ունեցել շփվելու Չարենցի հետ, նրա մասին բազմաթիվ հետաքրքիր ու աննախադեպ իրադարձություններ ու դիպվածներ են հիշել և ավանդել սերունդներին, որոնց մեջ ակնառու է հանճարի բացառիկությունը:
Կարսեցի պատանին դեռ անհայտ էր հայ ընթերցողին, բայց անհագորեն կլանում էր ձեռքն ընկած տեղեկություններն ու գիտելիքների մեծ պաշար կուտակում, որոնք հետագայում պետք է տեղ գտնեին նրա անկրկնելի ստեղծագործություններում և դառնային ոգեշնչման և գրականագիտական բազմազան ուսումնասիրությունների առիթ: