Վարդան Պետրոսյանը թատերական յուրահատուկ դիմագծով աչքի ընկնող անհատականություններից է: Նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է բեմից ու մեծ սիրով ընդունվել հայ հանդիսատեսի համար:
Վարդանն առավել հայտնի է իր մենաներկայացումներով, որոնք ընթացքում հումորային շեշտադրումներով անդրադառնում է արդիական ու խնդրահարույց թեմաներին: Սրամիտ հումորի, ծիծաղելի իրավիճակների պատկերումով դերասանը ներկայացնում էր իրականությունն իր ողջ ողբերգականությամբ ու լիրիզմով:
Վարդանի համար ճակատագրական դարձավ այն չարաբաստիկ ավտովթարը, որը խլեց մի քանի մարդկային կյանքեր և Վարդանի միառժամանակ կալանավորման, անազատության պատճառ հանդիսացավ:
Բանտից դուրս գալուց հետո Վարդանը հանդես եկավ մի մենաներկայացմամբ, որը կոչել էր «Իմ կիսատ թողած երգը», որտեղ նա ներկայացրեց իր դատավարության և բանտային կյանքի հետաքրքիր դրվագներ՝ հումորային շերտով ծրարված: Որքան էլ դերասանը փորձեր իր անցած դժվարությունների մասին հումորով պատմել, հանդիսատեսը կարողացավ ընկալել ներկայացումն իր ողջ դրամատիզմով ու բարդություններով:
Վարդանը խոստովանում է, որ իր բոլոր դժվարությունները նա հաղթահարել է իր բանտակից ընկերների, հարազատների և հանդիսատեսի աջակցության շնորհիվ: