Հայկական կապույտ էկրանի անփոխարինելի հաղորդավարուհու, հայ ժողովրդի կողմից սիրված և հարգված, փառահեղ ուղի անցած, մեր գովելի, մեր պաշտելի, մեր անկրկնելի Նարա Շլեպչյանի հոբելյանն սկսվեց ազնավուրյան ռոմանտիկայով: Կին, որը կարողացավ միշտ մնալ սիրված հանդիսատեսի կողմից:
Եվ թվում է, թե Նարայի անմար գեղեցկության և անզուգական ձայնի կարիքը միշտ է ունենալու հեռուստադիտողը: Նրա հոբելյանական երեկոն տոն դարձրեցին ընկերները՝ մեզ ծանոթ և հայտնի բոլոր հաղորդավարներն ու այն մարդիկ, որոնք երբևէ ճանաչել են Նարա Շլեպչյանին:
Հավաքված հյուրերը հիշեցին, թե ինչպես առաջին անգամ հաղորդավարների մրցույթում ժյուրին ըտրեց հեռուստատեսության առաջին աստղին, և թե ինչպես տարիներ հետո աստղն ինքը նստեց ժյուրիի աթոռին և ինքը դարձավ խիստ ժյուրի՝ սերունդների համար: Ընկերներն նշեցին, որ Նարան անձամբ է դաստիարակել հազարավոր սերունդների՝ աշխատելով հեռուստաընկերությունում: Այսօր էլ նա դեռ կրթում է սերունդներ:
Նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես հյուրերի ցանկում էր: Նա էլ պատմեց, որ Նարայի մասին իր տատիկից է լսել: Հիշում է, թե տատիկն ինչպես է ասել, որ Նարան այն սերնդի կանանց համար եղել է նորաձևության առաջամարտիկը, խոսքի առաջամարտիկը և, որ շատերն են ուզել նմանվել նրան: Եթերային կյանքից հիշողությունները շատ են Նարայի և իր ընկերների հիշողության մեջ: