Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում կանանց արգելել են լողավազան այգելել։ Դաղստանի խոշորագույն մարզական-ժամանցային «Անժի Արենա» համալիրը հայտարարություն է տարածել՝ նշելով՝ հունվարի 20-ից լողավազան կարող են միայն տղամարդիկ այցելել։
Հյուսիսային Կովկասի խոշորագույն լողավազանի ֆեյսբուքյան էջն այժմ հասանելի չէ՝ բուռն արձագանքի պատճառով։ Պատճառները չեն նշվում, սակայն աղբյուրների տեղեկացմամբ, լողավազանի ղեկավարությունը նման որոշում է ընդունել, քանզի տղամարդիկ դժգոհ էին կանանց հետ համատեղ այցելությունից։
Այդ պատճառով ադմինիստրացիան նախ կազմակերպել է առանձին օրերի այցելություն տղամարդկանց ու կանանց համար, իսկ հետո առհասարակ որոշել է լողավազանը միայն տղամարդկանց համար դարձնել։ Բացառություն է միայն մինչև 14 տարեկան աղջիկների այցելությունը։ Նրանք կարող են այցելել և՛ սպորտային խմբերով, և՛ ուղղակի հանգստանալու համար, բայց միայն մեծահասակ տղամարդու ուղեկցությամբ։
Այս որոշումը բուռն արձագանք է գտել ոչ միայն դաղստանցի իրավապաշտպանների, այլև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ։