Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր սպանվել է դիզայներ և պարուսույց Նարիման Գրիգորյանը։ Այս բոթը հաստատել է Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը։ Նախնական տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում՝ գիշերը։ Ողբերգության պատճառները հայտնի չեն։
Նշենք՝ Նարիման Գրիգորյանը պարուսույց էր, «Տոդես» հանրահայտ խմբի անդամ։ 2004-2008 թվականին սովորել է Ուզբեկստանի խորեոգրաֆիայի ակադեմիայում։ Նա Ուզբեկստանի միակ ներկայացուցիչն էր միջազգային պարային մրցումներին։
Հայտնի է նաև որպես դիզայներ ու մոդելյեր, Nariman Grigoryan բրենդի հիմնադիր։ Իր բրենդով մասնակցել է տարատեսակ ցուցադրությունների և նորաձևության շաբաթների, մրցույթների ու փառատոնների։ Տաշքենդում եղել է Nariman Grigoryan նորաձևության տան սեփականատեր։
Art dress միջազգային մրցույթի դափնեկիր էր, բուտիկ-շոուրումների ցանցի սեփականատեր։ 2018-ին ստեղծել է իր հարսանյաց զգեստների հավաքածուն և սրահը «bride by NG»։ «Harbin Fashion Week» հեղինակավոր նորաձևության շաբաթվա ընթացքում միակն էր, ով ներկայացրել է Ուզբեկստանը։