«Հանրապետական» ծննդատնից ապօրինի որդեգրված երեխաների մայրերը շարունակում են բարձրաձայնել իրենց ցավալի պատմությունները։ 1998թվականին որդի լույս աշխարհ բերած Շողիկ Միքայելյանը զոհերից մեկն է․ «Մինչև այսօր երեխայիս ողջերի մեջ եմ փնտրել: Մեռածների մեջ ման չեմ եկել: Ռազմիկ Աբրահամյանն ինձ կեսարյան է արել, ես նրա երեսը չեմ տեսել հարազատներս են նրա հետ խոսել:
Եղբայրս է նրա հետ լուրջ խոսել, որովհետև իմ վիճակը շատ ծանր էր: Երեխայիս չեմ տեսել, բայց ամուսինս պարբերաբար մտել երեխային տեսել է: Ինձ ասացին՝ երեխան գիշերվա հերթապահ բժշկի անփութության պատճառով մահացել է չորրորդ օրը՝ առավոտյան: Երեխաս 7ամսական էր ծնվել, թեև վիճակս ծանր էր, մանկաբույժին հրավիրեցի իմ պալատ և հարցրեցի երեխայի առողջության մասին:
Ասաց աչքս լույս, երեխաս լավ է պետք է կերակրեմ երեխային: Բայց եթե խնդիր լիներ, միթե ինձ կասեին աչքդ լույս, պատրաստվիր առավոտյան երեխային կերակրել, երեխայի շորերը բեր: Առավոտյան եկան, ասեցին՝ երեխաս մահացել է: Այդ ժամանակ մենք ոստիկանություն չենք դիմել։
Հինգ ամիս առաջ ենք դիմել ոստիկանություն: Այն ժամանակ պահանջել էինք, որ դիակը տեսնենք, բայց ասել էին՝ դա քննիչների թույլտվությամբ է միայն: Իմ գործը նույնպես փաստաբան Սարգսյանն է վարում և դեպքից անցել է 21տարի: Ես ակնկալում եմ Ռազմիկ Աբրահամյանի և նրա հանցակիցների պատիժը, դատախազի հրաժարականը և իմ երեխային: Ոչ մի օր չեմ կասկածել՝ իմ երեխան մահացած չէ»։