Այս հավն ամանորյա սեղանի իսկական զարդը կլինի և սեղանի գլխավոր ուտեսը։ Հիանալի է տոների համար, հատկապես ձմեռային, քանի որ այն պատրաստվում է ցիտրուսային բույրով, որը շատերի մոտ ամանորյա տոների հետ է ասոցացվում: Նշված բաղադրատոմսով հավը նարնջնի այդքան ուժեղ բույր չունի, բայց եթե դուք սիրում եք ուժեղ բույր, ապա կարող եք էլ ավելի շատ ավելացնել նարինջ և նարնջի հյութ, ինչպես նաև կեղևի քերուկ ավելացնել մարինադի մեջ:
Անհրաժեշտ է
Հավ՝ 1 հատ
Նարինջ՝ 1,5 հատ
Սոյայի սոուս՝ 7 ճ/գ
Բուսայուղ՝ 2 ճ/գ
Սխտոր՝ 1 գլուխ
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավը մարինացնել առնվազն 24 ժամ, որպեսզի միսն ավելի լավ ներքաշի բույրերը: Մարինադի համար քերել ողջ սխտորը և մեկ նարջնի կեղևը՝ զգուշորեն, որպեսզի չվնասեք սպիտակ հատվածը, որը դառն է: Ավելացնել սոյայի սոուս և աղ, բուսայուղ և կես նարնջի հյութ: Հավը մարինացնել զիփ փականով փաթեթի մեջ․ այն լցնելը շատ հարմար է, որովհետև ոչ մի տեղից ոչինչ չի թափվում։
Պահել 24 ժամ սառնարանում: Մեկ օր անց հանել հավը՝ վրայից մաքրելով մարինադի մնացորդները և լավ սրբել թղթե սրբիչներով, որպեսզի այն չոր լինի: Հավի կաշին առանձնացնել մսից բայց չհանել այդ արանքը մտցնել նարնջի շերտերը։ Հավը պետք չէ լցոնել, որպեսզի ավելի լավ օդ խաղա և ավելի լավ թխվի ներսից: Դնել ջեռոցը 200-220 աստիճանի ներքո՝ 1-1.5 ժամով: