Սուշին հիանալի համով աղցան է, որը կդառնա ամանորյա տոնական սեղանի զարդը։ Սուշիի և ռոլերի բոլոր սիրահարները հաստատ կգնահատեն աղցանի անկրկնելի համը:
Անհրաժեշտ է
Վարունգ՝ 2 հատ
Հալած պանիր՝ 150 գ
Կարմիր աղի ձուկ՝ 350-400 գ
Ավոկադո՝ 1 հատ
Լիմոնի հյութ՝ 2 թ/գ
Կլոր բրինձ՝ 250 գ
Բրնձի համար
Ջուր՝ 280 գ
Քացախ՝ 2 թ/գ
Շաքարավազ՝ 1 թ/գ
Աղ՝ 1/2 թ/գ
Մատուցելու համար
Սոյայի սոուս
Վասաբի
Կոճապղպեղ
Պատրաստման եղանակը
Այս աղցանի համար կարելի է վերցնել սուշիի համար նախատեսված հատուկ բրինձ, իսկ կարելի է սովորական կլոր բրինձը։ Այն լավ լվանալ մի քանի անգամ, վրան ջուր լցնել և թողնել, որ եռա: Փոքր կրակի վրա եփել 15 րոպե: Անջատել կրակը և բրնձով կաթսայի մեջ մի քանի թղթե սրբիչ դնել կամ ծածկել սովորական սրբիչով և թողնել ևս 10 րոպե, որպեսզի սրբիչը ներքաշի ողջ խոնավությունը: Քացախը, շաքարը և աղը խառնել։ Ստացված սոուսը լցնել բրնձի մեջ ու թողնել սառչի:
Ձկան կեսը կտրել խորանարդիկներով իսկ կեսը բարակ սլայսերով, վարունգ և ավոկադոն նույնպես կտրատել խորանարդիկներով։ Որպեսզի ավոկադոն չմգանա, վրան լիմոնի հյութ ցանել։ Խորանարդիկների չափսը կարող եք ըստ ցանկության անել․ մարդ կա սիրում է խոշոր, մարդ էլ կա՝ ավելի մանր: Հավաքել աղցանը՝ շերտ առ շերտ՝ բրինձ, կարմիր ձուկ, վարունգ, բրինձ, ավոկադո, կարմիր ձուկ՝ սլայսերով պատրաստված ծաղիկների տեսքով: Յուրաքանչյուր շերտի վրա դնել մի փոքր հալած պանիր։ Մատուցել անպայման սոյայի սոուսի, վասաբիի և կոճապղպեղի հետ: