Կարամելի ներքո նուրբ կրեմն իսպանական խոհանոցի «Ֆլան» աղանդերն է, որը ֆրանսիական խոհանոցում կոչվում է «Կրեմ-կարամել»։ Համն անմահական է, իսկ աղանդերը՝ նուրբ է և փափուկ: Այս հրաշք աղանդերը պատրաստվում է աներևակայելի արագ՝ ընդամենը 15 րոպեում, բայց ինչ-որ ժամանակով թողնել որպեսզի անկրկնելի համ ձեռք բերի:
Անհրաժեշտ է
Կաթ՝ 500 մլ
Խտացրած կաթ՝ 150 գ
Ձու՝ 5 հատ
Վանիլին՝ 10 գ
Աղ՝ 1 պտղունց
Կարամելի համար
Շաքարավազ՝ 60 գ
Ջուր՝ 1 ճ/գ
Լիմոնի աղ՝ 1 փոքր պտղունց
Պատրաստման եղանակը
Շաքարավազը, ջուրը և լիմոնի աղը միավորել, եփել միջին կրակի վրա՝ առանց խառնելու մինչև կդառնա մուգ դեղին։ Անընդհատ հետևել, որ շաքարավազը չվառվի, այլ դառնա կարամել: Կարամելը լցնել կաղապարների մեջ։ Կարելի է օգտագործել մեկ մեծ կամ մի քանի փոքր կաղապարներ: Կաղապարի հատակը և պատերը պետք է պատված լինի կարամելով: Ձվին ավելացնել վանիլին, մեկ պտղունց աղ և խտացրած կաթ։ Շատ լավ խառնել պատառաքաղով, լցնել կաթը։ Ողջ խառնուրդն անցկացնել մաղով, որպեսզի կրեմում չլինեն ոչ մի գնդիկներ:
Կաթնա-ձվային զանգվածը լցնել կաղապարի մեջ, այն դնել ավելի մեծ չափսի կաղապարի մեջ և այդ արանքը լցնել եռման ջուր: Ջրի մակարդակը պետք է հասնի մինչև կրեմ-կարամելի կաղապարի կեսը: Թխել 160 աստիճանի ներքո՝ 40-60 րոպե՝ կախված կաղապարի չափից։ Կրեմը փոքր կաղապարների մեջ ավելի արագ կթխվի, այդ պատճառով պետք է հետևել: Պատրաստի աղանդերը թողնել որ սառչի մինչ սենյակային ջերմաստիճան, հետո դնել սառնարանի մեջ՝ 8-12 ժամով, որպեսզի այն վերջնական համն ու տեսքը ձեռք բերի: Տաք դանակով անցնել կաղապարի ծայրով և շուռ տալ կաղապարը՝ աղանդերը դնելով մատուցամանի մեջ: