Երեսունմեկ տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերյան այս օրը՝ ժամը 11:41-ին, հայ ժողովրդի ժամանակակից պատմության ողբերգություններից մեկը տեղի ունեցավ՝ ավերիչ երկրաշարժը, որը մարդկային հազարավոր կյանքեր խլեց, շարքից հանեց հայաստանյան արդյունաբերական ներուժի 40 %-ը, անդառնալիորեն փոխեց քաղաքների կյանքը։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 մագնիտուդ, մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X՝ արտասովոր կործանարար։ Լիովին ավերված Սպիտակն ու հարակից 58 գյուղերը, Գյումրին, Վանաձորը, Ստեփանավանը և 300-ից ավելի բնակավայրեր մինչ օրս զգում են երկրաշարժի ազդեցությունը։
Սոսկալի աղետը սպիացել է բոլորիս սրտերում, դա ողջ ազգի ողբերգությունն է, որը արթուն ու աշխույժ քաղաքները սգի մեջ է պահել երկար տարիներ։ Օրեցօր կյանքը փոխվում է, մարդիկ պայքարում են սրտի ցավի հետ և վերականգնում իրենց առօրյա կյանքը։
Հուսանք՝ այլևս չեն լինի դոմիկներում ապրող ընտանիքներ, իսկ աղետի գոտին կվերածվի արդյունաբերական ու մշակութային կենտրոնների։