Փաուերլիֆթինգի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ապարանցի 17-ամյա Էրիկ Խաչատրյանը նոր ռեկորդ է սահմանել։ Ապարանի հրապարակում Խաչատրյանն ատամներով քաշել է 5 ավտոմեքենա՝ 10 տոննա 760 կգ ընդհանուր քաշով։ Դյուցազունը շարասյունը քաշել է 10 մ 40 սմ՝ Գինեսի նոր ռեկորդ սահմանելով: Տղան իր ռեկորդը նվիրեց հայ զինվորներին ու հայ ժողովրդին՝ չմոռանալով հայրենի Ապարանն ու ապարանցիներին։
«Մարդիկ քաշում են ձեռքով, մատով, մազերով, իսկ ես որոշեցի ատամներով՝ ամենադժվար ձևով»,- նշել է Էրիկը։
Տղայի հաջողությամբ ոգևորված են սպորտի ոլորտի ներկայացուցիչները։ Ներկաները ծափողջույններով շնորհավորեցին Խաչատրյանին՝ ռեկորդը սահմանելու կապակցությամբ։
«Նախկինում ամենաշատը 5 տոննա է եղել, բայց այսօր Էրիկը 10 տոննա քաշեց և ռեկորդ սահմանեց»,- նշել է «Դյուցազնագրքի» հանձնաժողովի հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանը։
Հայ մարզիկը տաղանդավոր է բոլոր ոլորտներում։ Նա զբաղվում է նաև ուժային եռամարտով և հունա-հռոմեական ոճի ըմբշամարտով, որտեղ նույնպես հաջողությունների է հասնում։ Հաջողություն ու բազում նոր հաղթանակներ ենք մաղթում նրան ու նոր առիթներ՝ ազգին ուրախացնելու։