Ապօրինի հարստացման համար մեղադրվող ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը և իր կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, Հայաստանի բյուջե են վերադարձրել խոշոր չափի գումար։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանք պետությանն են վերադարձրել 2 միլիարդ 850 միլիոն դրամ, ինչը մոտ 6 միլիոն դոլար է։
Հիշեցնենք՝ 2018-ի հունիսին Ղազարյանը ձերբակալվել է ֆինանսական խարդախ գործողություններ անելու մեղադրանքներով։ Նա հարկեր է թաքցրել, պահել է պաշտոնատար անձանց գումարները, նրան պատկանող «Յանս» ռեստորանում նույնպես մի շարք հարկային խնդիրներ են եղել։ Ռեստորանը խուզարկվել է և մի շարք մեքենայություններ են հայտնաբերվել։ Այդ ժամանակ նա 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատվել է, բայց նոյեմբերին կրկին ձերբակալվել, ապա նորից գրավով ազատ արձակվել։
Հիանալի է, որ Նոր Հայաստանում այսպիսի բան է տեղի ունենում․ մարդն ինքնակամ վերադարձնում է պետությանն իրեն չպատկանող գումարը։ Հուսանք՝ օրինակելի կլինի այս դեպքը նաև մյուս կարգազանցների համար։