Այս տարի Բարբի տիկնիկը նշում է ծննդյան 60-րդ տարեդարձը։ Օրերս վարձակալության Airbnb կայքում հայտարարություն է տարածվել, որ վարձով է տրվում Բարբիի՝ ռեալ չափսի տուն։ Յուրահատուկ գույքը տեղակայված է Մալիբուում։
Ի դեպ, այն վարձով է տրվում ընդամենը երկու օրով՝ հոկտեմբերի 27-ից 29-ը։ Վարձակալությունն արժե օրն ընդամենը 60 ԱՄՆ դոլար, ինչը Մալիբուի համար չափազանց ցածր գին է համարվում։
Վարձակալության հնարավորությունը բացվել է հոկտեմբերի 23-ին՝ առավոտյան ժամը 11։00-ին։ Հայտնի չէ՝ ով է այն հաջողակը, ով առաջինն է սեղմել վարձակալելու կոճակը։
Նշենք, որ Բարբիի տնակը երեք հարկանի առանձնատուն է՝ տիկնիկի ոճի հարդարանքով։ Այն նախատեսված է չորս հյուրի համար․ ունի երկու ննջասենյակ և լոգարան, խոհանոց, ճաշասենյակ, լողավազան և կինոթատրոն։
Առանձնատանը կա նաև աշխատասենյակ և հանդերձասենյակ՝ լի վառ ու գունեղ հագուստով և աքսեսուարներով։ Ինչ խոսք, հետաքրքիր մտահղացում է։