Հրաչյա Պապինյանը գրում է․ «Նայում եմ զոհվածների մասին պատմող ռեպորտաժներն ու կյանքս ավելի մեծ դժոխք է դառնում։ Քաջարանցի Արթուր Գրիգորյանի մասին է հիմա: Տունը գրավ է դրել տրակտոր ու ձյուն մաքրող մեքենա գնել դիրքերի համար։ Մասնակցել է բոլոր կռիվներին, զոհվել վերջին պատերազմում: Որդին ծանր վիրավորվել, մնացել է առանց ոտքի, առանց ձեռքի։ Արդյոք արժանի էինք մենք էս տղաների սխրանքին, իրանց ամենամեծ զոհողությանը:

Հատկապես էն մասսան, որին անվանելու էլ բառ չի մնացել բառապաշարումս։ Եվ նրանք, ովքեր ասում են հերիքա՝ սուգ սուգ, մենք ուրախանալ ենք ուզում: Բա ինչպես կարդամ ալավերդցի, իմ համագյուղացի Գևորգ Կիրակոսյանի հրաժեշտի նամակը, որ գրել է զոհվելուց մեկ երկու օր առաջ կեսգիշերին ու 24 — ամյա երիտասարդը, որ թողել էր ՌԴ-ոստիկանական ակադեմիայում ուսանելը և ծառայության անցել մեր զինված ուժերում, լինելով ՌԴ քաղաքացի:

Գիտե՞ք ինչու, որովհետև մանկուց որոշել էր, որ Արցախում է ծառայելու: Ահա այդ 24-ամյա տղան ողջ ու առողջ, անգամ չվիրավորված հրաժեշտ է տալիս մեկ մեկ, ծնողներին, քույրերին, ասում թե ինչպես հուղարկավորեն, ինչպես նշեն իր հիշատակը, սիրեն ընկերոջն իր փոխարեն։

Շնորհակալություն է հայտնում իրեն լավ վերաբերվելու, սիրելու համար, բայց այդ դաժան նամակը թողնելով հեռախոսի մեջ, խնայել է, որ միայն զոհվելուց հետո կարդանք։ Նա տեսնում էր, որ մենք / դուք / 2018թ. հանցագործ ընտրությամբ նրան մատաղի եք ուղարկել, նա տեսնում էր ապաշնորհ կառավարումը ու նա հասկանում էր թե ինչ է լինելու իր հետ:

Նա հրաժեշտ էր տալիս ու ասում որ բոլորին ներում է: Քաղաքական ոչ մի խոսք: Բա մենք ո՞նց ենք ապրում։ Բա չասե՞ս ուրախացեք տիկնայք և պարոնայք, ձեր հիշողությունը ոչնչացել է։ Վստահ եմ, դուք նաև շրջում եք ալիքը, երբ էկրանին երևում են զոհվածների նկարները, դուք զայլա չունեք նման բաների»։