Լրագրող Լիկա Զախարյանը գրում է․ «Ռուսերենը՝ Արցախի երկրորդ պետական լեզու։ Ես, իհարկե, սիրում եմ ռուսաց լեզուն, և, ընդհանրապես, լեզուները, սակայն այս քայլը վերջնականապես ապացուցում է, որ Արցախ, որպես պետություն, նույնիսկ որպես պետության ֆասադ, և, ամենակարևորը՝ որպես Հայաստան, այլևս չկա։

Խոսել լեզվի կարևորությունից, որպես ազգային ինքնության դրսևորում, և որպես այս գլոբալիզացվող աշխարհում փոքր ազգերի համար հենարան, ավելորդ է։ Վերջին հանդիպումներից մեկի ժամանակ այդ հարցի վերաբերյալ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ընտրություն չկա։

1994 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը իրավիճակը «ընտրություն չկա»-յին չհասցնելու ընտրություն կար ամեն օր։ Մարդ չգիտի՝ գնա ում բողոքի։ Ազգային ժողովն այն մարդիկ են, ովքեր ընտրվում են ժողովրդի կողմից՝ իրենց հարցերը լուծելու համար։ Այսինքն, պատգամավորները մարդկանց ծառաներն են, ոչ թե ղեկավարները։

Ես չգիտեմ՝ ովքեր են զբաղվում կոնկրետ այս հարցով, բայց գիտեմ, որ միշտ էլ կարելի է հրաժարական տալ և չանել այն, ինչ քեզ ստիպում են։ Թող դա հաստատվի, թող այլ մեկը դա անի, բայց ոչ ձեր ձեռքով կատարվի։ Կարո՞ղ է ինձ մեկը բացատրել այս արարքի իմաստը։ Խնդրում եմ, բացատրեք, ես իսկապես չեմ հասկանում։

Որ խաղաղապահները ավելի՞ լավ խաղաղապահեն, որ Ռուսաստանը հումանիտար օգնությո՞ւն ուղարկի, որ միջամտեն՝ Հադրութն ու Շուշին մեզ վերադարձնե՞ն, թե՞ ինչ։ Խնդրում եմ, բացատրեք։ Գոնե իմանանք դրա հետևում թաքնված պատճառը։ Իսկ եթե միակ պատճառը սիրաշահելն է, ապա․․․ Ես գիտակցում եմ, որ մեզ թողել են մենակ՝ ամբողջ աշխարհի դեմ, սակայն իրավիճակից դուրս գալու ճանապարհը միայն օճառը չէ։

Մենք հիմա նույնիսկ 1988 թվական չենք վերադարձել, քանի որ այդ ժամանակ արդեն մարդիկ գիտակցում էին՝ ինչի մեջ են, ու սկսել էին պայքարել։ Մենք 1920-ականներում ենք, երբ ամեն ինչ նոր էր, ու չէինք պատկերացնում՝ մեզ ինչ է սպասվում»։