Գրող Արփի Ոսկանյանը գրում է․ «Խոզի գրիպից մարդիկ են մահացել անցած շաբաթ։ Նոր տարվա նախօրեին էլ առողջապահության նախարարը հորդորում էր երեխաներին եւ թույլ իմունիտետ ունեցողներին պատվաստվել։ Ի՞նչ անեն մարդիկ, որոնք պատվաստվել են նախկինում եւ ունեցել են բարդություններ, այլես չեն կարող իրենց թույլ տալ էդ ճոխությունը։

Ի՞նչ անեն երեխաները, որոնք առաջին կիսամյակի ընթացքում անընդհատ վարակվել են զանազան վիրուսներով, եւ էս պահին էլ դեռ լիարժեք կազդուրված չեն, սակայն հիվանդ էլ չեն, որ դիմեն բժշկի եւ ստանան բացակայության համար տեղեկանք։ Եվ ի վերջո բացակայությունների էդ ի՞նչ անմարդկային շեմ է սահմանված, ո՞ր երեխան է ի վիճակի պահելու այդ ստանդարտը, քանի՞ հոգի կգտնվի Հայաստանում, որ տարեկան երկու անգամից ավել չի հիվանդանում, քանի՞ երեխա։

Ինչո՞ւ էդ դեպքում երկու անգամից ավել հիվանդացող երեխաներին թողնել նույն դասարանում, եթե այդ երեխան ի վիճակի է երեք տարվա կուրսը մեկ տարում փայլուն հանձնել՝ առանց ուսուցիչների կյանքի պատմությունները լսելու ու ստորացումների։ Ինչո՞ւ։ Ո՞նց կարելի է այսքան անմարդկային համակարգ ստեղծել, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Վերջապես երեխաներին տվեք տնային ուսուցման շանս։ Չեմ ասում նույնիսկ հեռավար։ Էդ ծախսը որ անում եք ամեն երեխայի վրա, տվեք ծնողին, մենք կկազմակերպենք մեր երեխաների որակյալ կրթությունը։ Լավ, մի տվեք, պետք չի, մենք մեր ժերով կանենք։ Էսպես թե էնպես հավելյալ ծախս էլ ենք անում միշտ՝ կրկնուսույցների դիմելով։

Չեմ ասում դարձրեք համատարած, բայց գոնե մարդկանց ընտրության հնարավորություն տվեք։ Ինչի՞ց եք վախենում՝ որ բոլորը կնախընտրեն տնային ուսուցումը, եւ դպրոցների ուսուցիչները անգո՞րծ կմնան։ Մի վախեցեք, բոլորը չեն նախընտրի, որակյալ ուսուցիչներն էլ երբեք անգործ չեն մնա»։