Աշոտ Տեր-Մինասյանը գրում է․ «Վաղուց էի ուզում գրել, բայց մտածում էի՝ պետական գործիչ, քաղաքագետ, դիվանագետ, փորձագետ ու չգիտեմինչագետ են․ երևի մի օր կհասկանան, որ ամեն բանի մասին չէ, որ կարելի է հրապարակային բարձրաձայնել։

Մեր բոլոր հեռուստաալիքներով /և՛ իշխանամետ, և՛ ընդդիմադիր/ անընդհատ բացատրում են, թե որն է լինելու ազերների հերթական քայլը, թե մեր այսինչ սխալին կամ սխալ խոսքին ինչ ծանր հետևանքներ կարող են հաջորդել, որոնք են մեր առաջնահերթ անելիքները և այլն։

Ասեմ, որ հիմնականում ճիշտ մեկնաբանություններ են, բայց․․․ Իբր թե թուրք-ազերների դիվային ուղեղները քիչ ոճիրներ են ծրագրում մեր դեմ, մի բան էլ մե՞նք ենք հուշում։ Դրանց մասին, այո՛, պիտի՛ խոսել, պիտի դրանք լրջորեն քննարկել համապատասխան նեղ միջավայրերում /նկատի չունեմ զուտ իշխանական կուլիսներում/, բայց ո՛չ եթերում, որը հասանելի է նաև թշնամուն։

Միայն չասեք, թե ժողովրդին իրազեկելով՝ աշխատում եք նախապատրաստել հնարավոր փորձություններին, որպեսզի աղետների դեպքում կարողանան համեմատաբար հեշտ դիմագրավել։ Դիմագրավելուն նախապատրաստելու այլ միջոցներ էլ կան․ պարտադիր չէ ակամայից ամեն ինչի մասին տեղեկացնել, մանավանդ «հուշել» թշնամուն»։