Սիրված ու հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանը նշում է ծննդյան վաթսուներեք տարին։ Նա լույս աշխարհ է եկել մտավորականի, գիտնականի ընտանիքում։ Վարդանի մանկությունն անցել է Երևանի կենտրոնական հատվածում՝ Խանջյան փողոցի վրա։

Վարդանը նախ ուսանել է Փանոս Թերլեմազյանի անվան ուսումնարանում, իսկ հետագա տարիներին բարձրագույն կրթություն է ստացել Թատերական ինստիտուտի դիզայներական բաժնում։

1983-85 տարիներին Վարդանը ծառայել է խորհրդային բանակում, իսկ 1988-ից սկսած դերասանական, ստեղծագործական գործունեություն է ծավալել՝ համագործակցելով Վահրամ Սահակյանի հետ։

Ղարաբաղյան շարժման տարիներին Վարդանը հանդես էր գալիս սուր քաղաքական ելույթներով, իսկ 1992 թվականին որոշ ժամանակով փոխադրվել է Ֆրանսիայի մայրաքաղաք, որտեղ շարունակել է իր մասնագիտական, մշակութային գործունեությունը։

Վարդանը ելույթներով հանդես է եկել արտասահմանյան մի շարք մեծ քաղաքներում՝ ներկայանալով բազմաթիվ հայերի առաջ։ Վարդանի կյանքում ճակատագրական է լինում վթարը, որից հետո նա դատապարտվում և բանտում է անցկացնում մի քանի տարի։

Վարդանը երկու զավակների հայր է։ Նրա տղան շարունակում է հոր մասնագիտական ուղին՝ հանդես գալով երաժշտական և թատերական նախաձեռնություններով։