Բանաստեղծուհի Նարինե Ավագյանը գրում է․ «Սիրելինե՛ր, Գոհարի և Դավիթի նշանադրության արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի սեպտեմբերի երեքին՝ Արցախում, ինչպես և իրենք կամեցան: Գանձասարի Վանական համալիրն այն առաջին սուրբ օջախն էր, ուր միասին ոտք էին դրել տարիներ առաջ՝ լինելով պարզապես լավ ընկերներ: Այն ժամանակ, վստահաբար, նրանցից ոչ մեկի մտքով էլ չէր անցնում, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները գալիք տարիների ընթացքում:

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդն ուժեղ և կայացած կառույց է: Թե՛ Դավիթը, թե՛ Գոհարն այս վերջին՝ ավելի քան վեց տարիների ընթացքում այդ ամուր շղթայի կարևոր օղակներից են: Սիրելով իրենց հայրենիքը, մայր բուհը՝ անձնվիրաբար են աշխատել նրանց երկուսի համար: Եվ այս ընթացքում հասցրել են անսահման սիրել Արցախը՝ իրենց հետաքրքիր ու բովանդակային պատմությունների միջոցով փոխանցելով այ սերը յուրաքանչյուր ունկնդրի: Նրանց տեսնելով եմ հասկացել «Չկա Հայաստան և Արցախ առանձին հասկացություններ» գաղափարի ողջ խորությունն ու իմաստը:

Սրանք պարզապես խոսքեր չեն: Սրանք զգացողություններ են, որ հոսում են երակներով, հասնում ուղեղ ու սնուցում այն: Արցախում ես հանդիպեցի լավագույն մարդկանց, հայերի, ովքեր պատրաստ էին ամեն քայլափոխի իրենց օգնությունն առաջարկել: Հիացա Ստեփանակերտի մաքրությամբ, արմատական արցախցիների ոգով: Իսկ թե ինչպիսի երախտագիտությամբ էին լցվում այս երիտասարդ զույգի հանդեպ, ովքեր այդքան ճանապարհ էին անցել՝ Երևանից մինչև Գանձասար՝ իրենց միության հիմնաքարը դնելու և օրհնություն ստանալու համար, բառերով չեմ կարող նկարագրել:

Սեպտեմբերի երեքին դեռ չէինք հասկանում, որ ավելի ցավոտ էլ կարող է լինել: Մեզանից յուրաքանչյուրի հոգում դեռ չսպիացած վերքեր կային՝ վերջին երկու տարիներին կատարվածից: Բայց որ կրկին այրվելու ենք թեժ կրակի բոցերի մեջ, չգիտեինք: Կյանքն այնպիսին է, ինչպես որ է: Տխրությունն ու ուրախությունը, լացն ու ծիծաղը, ծնունդն ու մահը ձեռք-ձեռքի են քայլում՝ անկախ որևէ մեկի կամքից:

Չեմ ուզում այս ուրախության ակնթարթին, որ ջերմացրել է իմ վիրավոր սիրտը, տխրություն խառնել: Ուզում եմ, որ հայրենիքում «Դավիթների ու Գոհարների» հայրենասեր և ամուր միությունները շատանան, Արցախն ու Հայաստանն իրար կապող այսպիսի կամուրջներն ամրանան, հզորանան: Իմ էրեխեքին բարի բախտ եմ ցանկանում՝ խաղաղ և ուժեղ հայրենիքում: Իսկ ձեզ, սիրելի բարին կամեցողներ, ասում եմ «Շնորհակալություն» իմ և նրանց՝ այս գեղեցիկ զույգի անունից: Խաղաղություն մեր հայրենիքին: Իմ սերն ու խոնարհումը մեր հերոս տղերքին։ Ամեն