Սահակյան Հայկը դարձել է կենդանի լեգենդ ու հերոս ոչ միայն իր հարազատների շրջանակում, այլ նաև ամբողջ հայության շրջանակներում, քանի որ Հայկի մասին հերոսական անսպառ պատմությունները ցույց են տալիս, թե ինչ ոգի և նվիրվածություն կարող է ունենալ տասնինը տարեկան տղան։

Հայկը մեր սահմանը հսկող տասնիննամյա իր նման երիտասարդների հետ ամենայն նվիրվածությամբ է տրվել հայրենիքի ծառայությանը։ Նրա ծնողները՝ Հարությունը և Աստղիկը, շարունակ իրավացիորեն հպարտանում են իրենց զավակով, նրա արարքով։

Հայկը չէր հասցրել ընտանիք կազմել, սակայն ուներ սիրելի աղջիկ՝ Լուիզան, որի հետ առաջիկայում պատրաստվում էր նշանադրվել, ապա նաև ամուսնանալ։

Հայկը Պոլիտեխնիկի ուսանող էր։ Տան երկու զավակներից մեկն է։ Զինծառայության ժամանակ պատուհասած պատերազմին Հայկը մասնակցել է պատվով ու հնարամտությամբ։ Նրա մշակած ծրագրի շնորհիվ Հայկն ու ընկերները կարողացել են դուրս գալ շրջափակումից։

Հայկը հերոսաբար ընկել է հոկտեմբեր ամսվա առաջին օրը՝ արժանանալով արիության մեդալի։