Ռաիսա Մկրտչյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչ բացառիկ մանրամասներ է պատմում նա իր նախնիների և մանկության մասին

Գայանե Պողոսյանը, ներկայացնելով իր և Ռաիսա Մկրտչյանի զրույցից մի հատված, գրում է․ «ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը դառնում է 80 տարեկան:

-Պապս՝ Աղաբեկը, եղբոր հետ Հայաստան էր եկել Պարսկաստանի Մակու քաղաքից ու հաստատվել էր Սեւանում։ Հայրս Մոսկվայի ռազմական ակադեմիայի ուսանող էր, երբ հանդիպեց մորս։ Ամուսնությունից կարճ ժամանակ անց սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Հայրս գնաց կռիվ՝ չհասցնելով տեսնել իր առաջնեկին՝ ինձ։ Իմ մանկությունն այնքան գունեղ է եղել, գեղեցիկ, տպավորություններով լի, որ չգիտեմ՝ ինչից սկսեմ։

Սեւանի գիշերներն անզուգական էին, պատուհանից լսվում էր գորտերի կռկռոցը, լիճը շողշողում էր լուսնալույսի տակ, ու աստղերի արտացոլանքը փայլփլում էր լճում։ Տատս հեքիաթ էր պատմում, ամեն օր մի նոր հեքիաթ, ու այդ ամենն այնքան խորհրդավոր էր, երազային ու տպավորիչ։ Հայրս շրթհարմոն էր նվագում, մայրս երգում էր ներշնչանքով ու գեղեցիկ։ Շատ-շատ երգեր ես մորիցս եմ սովորել։

Երեխաներով գնում էինք կալերը սինձ ու ծաղիկ հավաքելու, հիշում եմ մորու թփերը՝ շքեղ, պտղազարդ։ Հիշում եմ տատիս թխած հացի բույրը, հիշում եմ՝ ինչպես էր խնոցի հարում։ Չեմ մոռանում մեր մառանի անզուգական հոտը՝ մեղրի, կաթի, մրգերի խառը բուրմունքը։ Այդ ամենն իմ ներսում է, իմ հոգու ամենանվիրական անկյունում։ Գյուղացիներն ամիսներով մնում էին կալերում, իսկ տնեցիները սայլով ուտելիք էին ուղարկում նրանց համար։ Սայլը մեր դռանն էր կանգնում, ու ես սիրում էի նայել, թե ինչպես է մեկիկ-մեկիկ հավաքվում կալվորի բաժինը։

Մեր ճաշերը զարմանալի բույր ու անուններ ունեին։ Այնքան եմ կարոտում դրանց. տատիս պատրաստած ճմուռը, ձվածեղով իշխանը։ Ահա ինչ-որ պատկերներ թրթռոցով արթնանում են սրտիս մեջ. իրիկնադեմին անասունները տուն էին գալիս արոտավայրից, ու արդեն խիղճներս հանգիստ, վերջին գործն ավարտած, ամբողջովին հավաք մեր ընտանիքը պատրաստվում էր իրիկնահացին։ Հաճախ նստում էինք «Միկոյան» նավը ու գնում կղզի, որ աղոթենք եկեղեցում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: