Քրիստինա Վարդանյանը գրում է․ «Պատերազմի թեժ օրերն էին։ Որդուցս լուր չունեի։ 24 ժամ հեռախոսս ձեռքիցս բաց չէի թողնում։ Լավագույն դեպքում ստանում էի մեկ կարճ հաղորդագրություն «իմ մոտ ամեն ինչ նորմալա», վատագույն դեպքում դա էլ չկար։

Մի օր զանգեց.
֊Մամա ջան, մի լավ բան ասա։
֊Քեզ շատ եմ սիրում, տղես։
֊Չէէ, ուրիշ բան ասա։

Ես հասկացա ձայնից, որ շատ կոտրված է, ով գիտի, հիմա կամ քիչ առաջ ինչ է տեսել, ինչի միջով է անցել։ Գտնվելու վայրի մասին միայն տեղանքի բաղաձայներն էր ասում ու այդպես հասկացնում, թե որտեղ է։ Մենք կես բառով, կես հայացքով միշտ իրար հասկացել ենք։

Այս անգամ էլ հասկացա, որ նրան դուխա պետք տալ, մարտական ոգին բարձրացնել։ ֊Միքայել ջան, ամենամութ գիշերվանից հետո լույս է բացվում, հիմա, քան երբևէ, դու պիտի պայքարես, կյանք ու մահվան կռիվ տաս հանուն մեր հայրենիքի, նոր պատմություն է գրվում ու դու այդ պատմության կերտողներից մեկն ես։

Քո պաշտպանած լեռներում ենք հարսանիք անելու, քո Շուշիին Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում ենք կնքելու։ Դու պիտի վերադառնաս ու պատմես քո սերունդներին, թե ինչպես էր հայը կռվում թուրքերի, ադրբեջանցիների և մի քանի երկրների ահաբեկիչների դեմ։

Գրողը տանի, դու կոտրվելու, հանձնվելու, հաղթանակին չհավատալու իրավունք չունես։ Զենքդ ամուր պահիր ու ձեռքդ երբեք թող չդողա։ Աստված պահապան քեզ»։