Զոհրաբ Եգանյանը, անդրադառնալով հայկական գյուղերում և քաղաքներում կենսապայմաններին ու երեխաների զարգացման համար առկա պայմաններին, մտահոգություն է հայտնում դրանց բացակայության առիթով:

Նա գրում է. «30 տարի անկախ ենք, Երևանից, մի քիչ Գյումրիից, Վանաձորից ու Կապանից բացի այլ քաղաք ասեք, որտե՞ղ երեխա մեծացնելու համար նորմալ պայմաններ կան` զբոսայգի, ՏՏ կամ զարգացման այլ կենտրոն, սպորտային նորմալ դահլիճներ, սեկցիաներ, լողավազաններ և այլն:

Շատ մի փնտրեք` չկա ու այդ չկայի պատճառը թուրքն ու ադրբեջանցին չէ: Միլիարդներ գնացին հազար ու մի հիմար ծրագրի վրա ու մարզերում ստեղծվեցին պայմաններ արտագաղթը խթանելու, գորշացման համար:

Մեր երկիրն է չէ՞ նույն Ամասիան, նույն Արթիկը, Մարալիկը, Ճամբարակը, Բերդը, գնացեք ձեր երեխաների հետ ու փորձեք մեկ հետաքրքրություն գտնել նրանց համար:

Հայրենիքը խոսքով չեն սիրում, Հայրենիքը գործով են սիրում, իսկ 30 տարի մարզերում գործ չի արվել ու չեմ տեսնում շարժ նաև հիմա»: