«Մեկ էլ տնքոցների ու օգնություն կանչողի խզված ձեն է լսում։ Ցականը գնա էդ տնքոցների ձայնի կողմը և ի՞նչ տեսնի․․․»

Թեմիկ Խալափյանը գրում է․ «Մեր գյուղացիներից մեկը՝ Խեչանը, գնում է անտառ՝ ցախ անելո՞ւ, թե հոն հավաքելու, թե ի՞նչ, չեմ կարող ասել ստույգ։ Գնում է առավոտ կանուխ, բայց արդեն օրվա մթնշաղին՝ դեռ մարդը չկա։ Տնեցիները սպասում են էն հույսով, որ ուր որ է կգա։ Արդեն կեսգիշեր է դառնում՝ մարդը չկա։ Վերջը անհանգստությունից հարևաններին, սրան-նրան, օրը անտառ գնացածներին հարցուփորձ են անում ու իրենց անհանգստությունը հայտնում։

Բանը հասնում է նրան, որ մեր ուսուցիչներից մեկը՝ Իվան Բաբայանը, հայրենականի թոհուբոհով անցած մի մարդ, մեզ՝ դպրոցի միջին ու բարձր դասարանի տղա աշակերտներիս հավաքում է գյուղամիջում, որ գնանք մարդուն փնտրելու։ Մենք ջահեր պատրաստեցինք, մեզ միացան գյուղի ջահելներից շատերը, ջահերով գնացինք ենթադրաբար անտառի այն կողմերը, որտեղ կարող է գնացած լիներ մարդը։ Մենք գոռգոռացինք, հետո ականջ դրեցին, թե արդյոք արձագանքող կա՞։ Ոչ մի արձագանք։ Երկար դես ու դեն փնտրելուց հետո, վերադարձանք գյուղ։

Փնտրեցինք նաև հաջորդ օրը, ամբողջ ցերեկը, նաև էն մյուս օրը փնտրեցիք։ Գյուղի բոլոր որսորդներն էլ իրենց հերթին էին փնտրում, իսկ մարդը չկար ու չկար։ Գյուղում սկսեցին խոսել, թե.

– Գելի ու գազանի ձեռքը ընկած կլինի, — ասում էին ու իրենց մեծերից լսած կամ պատմածից օրինակներ բերում։ Չորորդ օրը, գյուղացիներից՝ Ցականը, անտառ ցախի է գնում Կրհորի ձորի մոտերքը։ Մեկ էլ տնքոցների ու օգնություն կանչողի խզված ձեն է լսում։ Ցականը գնա էդ տնքոցների ձայնի կողմը և ի՞նչ տեսնի։ Խորը փոսը, որի մեջ փայտ ու կրաքար են լցնում վառում կիր պատրաստելու համար, Խեչանը էդ փոսի մեջ նստած։ Պարզվում է մարդը գնացել է անտառ ցախ անելու, հետո գործը վերջացրել, հոն հավաքել, տուն դարձին, ինչպես է պատահել, ընկել է փոսի մեջ և չի կարողացել դուրս գա։

-Ա՛տնաշեն, բա հմանչում չե՞ս, էս քանի օր է քեզ ենք ման գալի, — Ցականը սկսում է սրա հոգին ուտելը, — դու էլ եկել փոսի մեջ նստել՝ հոն ես ուտում։

-Մի հնար արա էս փոսից դուրս գամ, հետո քո պատասխանը կտամ, — ասում է Խեչանը։

-Դե, էստեղից ուրիշ տեղ չգնաս, ես գնամ շենան մի երկար պարան բերեմ, — ասում է Ցականը, — սրան թողում փոսի մեջ, ինքը գալիս է գյուղից պարան տանելու։

-Չվռազես ադա, վազելով գնա, վազելով եկ, — հետևից ձեն է տալիս Խեչանը»։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: