«ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ քաղաքացին չորս օր է սնունդ չի ընդունում, երբ սա կարդաք, կլինի հինգերորդ օրը․․․» Մհերին այցելած հայտնի ռեժիսորն ահազանգում է

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը գրում է․ «Այսօր բարձացա Մատենադարան՝ հանդիպելու Հացադուլ հայտարարած Մհեր Մեսրոպյանին՝ Մհեր Արմենիա։ Զրուցեցինք մոտ մեկ ժամ, Մհերը ընկճված չէր, բայց հյուծվածության նշանները ակնհայտ էին։ Մի քանի հղումներ պատկան մարմիններին․ ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ քաղաքացին չորս օր է սնունդ չի ընդունում, երբ սա կարդաք, կլինի հինգերորդ օրը։ Հասկանում եմ ծանրաբեռնվածությունը, բայց կարծում եմ՝ պարտավոր եք պարբերաբար բուժսպասարկման անձնակազմեր ուղարկել Մհերի մոտ։ Արե՛ք դա հենց այսօրվանից՝ խղճի մտոք և մասնագիտական պարտքին համապատասխան։

ՀՀ ԿԳՄՍ բազմաթիվ, այդ թվում պետական մրցույթների հաղթող, ՀՀ սահմաններից դուրս Հայաստանը դրական լույսի ներքո ներկայացրած սիրելի արտիստը չորս օր է սնունդ չի ընդունում։ Ոչինչ չունե՞ք ասելու/անելու, այցելե՞լ եք արվեստի գործիչին, թե ձեր գործը դափնիները կիսելն ու հարկատուի գումարները մսխելն է։

նիկոլ փաշինյան, լավ հիշում եմ, ինչպես իմ հացադուլի 26-րդ օրը Մտենադարանում ինչ որ միջոցառման եկար գողեգող, հետևի ճանապարհով։ Ես թքած ունեի՝ դու կթեքվես Մատենադարանի բակ թե ոչ, բայց Մհերի հացադուլի պահանջը քեզ է ուղղված, հասցեատերը դու ես, պարտադիր չէ մարդը ազգությամբ ադրբեջանցի կամ թուրք լինի, որպեսզի կիրթ և կառուցողական դիալոգի մեջ մտնես, այցելիր Մհերին, խոսիր նրա հետ, գոնե մի մարդավարի բան արա, դա միայն օգտակար կլինի քեզ։

ՄՀԵՐԻ ԿՈԼԵԳԱՆԵՐ, ՀՀ, այսպես ասած, աստղեր, ձեր կոլեգան, ընկերը, ոչ անձնական խնդիրների բերմամբ, այլ հանուն սկզբունքների, Հացադուլ է հայտարարել։ Նույն ոլորտի մարդիկ եք, ունեք ձեր լսարանը, կարող եք օգտակար լինել, ինչու՞ չեք անում դա։ Չեմ կարծում, թե աշխատանքի մեջ այնքան թաղված եք, որ չեք կարող օրվա մեջ մի ժամ գտնել, այցելել կոլեգային։ Մհերն իմ վրա անկեղծ, ջերմ, նպատակասլաց մարդու տպավորություն թողեց։

Նրա կյանքի այս շրջանը կանցնի, Հացադուլը նրան ավելի իմաստուն ու խելացի կդարձնի, ու վստահեցնում եմ, նա երբեք չի մոռանա այս օրերին իրեն աջակցած, այնպես էլ մեջքից հարվածող մարդկանց։ Բարձրացե՛ք Մատենադարան, ուրախացրեք ձեր կոլեգային, փորձեք օգտակար լինել ուժերի ներածի չափով։ Դուք դրանով լավ հույզեր ու լիցքեր կհաղորդեք Մհերին ու ձեր լսարանին՝ հասարակությանը, չէ որ դա է ձեր, կներեք բարձր բառի համար, առաքելությունը։

Վերջում, ընկերներիս եմ դիմում։ Ես շատ վատ եմ վերաբերվում Հացադուլի մեջ գտնվող մարդու հանդեպ ոչ բարյացկամ կամ սարկազմով վերաբերվողներին։ Հացադուլը դա ճիչ է, սթափության կոչ ու եթե ձեր զգայարանները բավարար չափով զգայուն չեն այդ ճիչը լսելու համար, եթե դուք բութ եք, դա դեռ իրավունք չի տալիս անհարգալից արտահայտվել մարդու մասին, ով այդ քայլն անելու համարձակությունն ունեցել է»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: