Էլմիրա Ստեփանյանը գրում է․ «Երեսուն տարի քաղաքական դաշտ ենք կառուցել ապաքաղաքական մոտեցմամբ։ Հիշո՞ւմ եք, որ հասարակության մեջ զարգացնում էին գաղափար, որ կուսակցությունները չարիք են, քաղաքականությունը ընդամենն անբարոյականություն է, օրենքը խախտելու համար, ճիշտը գողական պանյատներում է: Ու ո՞ւր հասանք մենք։

Հասանք էնտեղ, որ պահածոների տուփերը հավակնեցին կատարել սպուտնիկի դեր: Հասարակությունը հասկացավ, որ հերոս-դավաճան հասկացությունները խառված են, ճիշտն ու սխալը լղոզված են: Ընդհանրապես, մենք արժեհամակարգեր չունենք: Էն ազգայնական ռազմահայրենասիրականը կեղծ է, ու միջնադարին հարիր: Մենք ունեինք հատուկենտ պայքարող մարդիկ, որոնց ձայնը հնչում էր միայն ընտրությունից ընտրություն, էն էլ, սկզբից ընտրատուփեր գողանալով, հետո ընտրակաշառքներով խլեցվում էին:

Հիմա նույն արժեհամակարգային դեգրադացիան շարունակվում է ընդդիմադիր դաշտում: Տնտեսական ռեսուրսներ տիրապետողները, ովքեր վախենում են դատավարություններից, էնպես են գոռգոռում, ու էնպիսի հիմարություններ, էնպիսի սուր էմոցիոնալ զեղումներով, որ ընդհանրապես, ոչ մի լրջին մոտ թեմա չի քննարկվում քաղաքական դաշտում: Տարրական դասարանների անկարգ աշակերտներին հարիր պահվածքով կրկին դեգրադացնում են քաղաքական դաշտը՝ քաղաքականությունից դուրս թողնելով պետական համակարգին վերաբերվող քննարկումները:

Հետաքրքիրը նա է, որ ոչ խորհրդարանական ընդդիմադիր դաշտն էլ գովելի վիճակում չէ: Մի որոշ հատված ինչպես Իսահակյանը կասեր՝ խորագին ատում են մարդկությանը, առհասարակ: Մի որոշ հատված ատում են ռուսներին, մի որոշ հատված ատում են ռուսներին ու թուրքերին: Միակ պահանջը, որ նկատելի է պետական ապարատի նկատմամբ, հավերժ սուգն է: Էդպես ո՞ւր եք գնալու, հայեր»։