Աշոտ Տեր-Մինասյանը գրում է․ «Վերջին անգամ Սևան գնացել էի համավարակից առաջ։ Տեսածս տխուր պատկերի մասին գրառում էի կատարել ՖԲ-ում, նույնիսկ որոշ առաջարկություններ կատարել, որոնք կամ չհասան պատկան մարմիններին, կամ անարժան գտան արձագանքել շարքային քաղաքացու մտահոգություններին։ Այս ընթացքում հետևում էի Սևանի «փրկությամբ» զբաղվող բազում կազմակերպությունների և պատկան մարմինների հեռուստաելույթներին, լսում հուսադրող խոստումներ ու ծրագրեր, որոնք լսել ենք շուրջ կես դար շարունակ և ականատես եղել, թե ինչպես է շարունակվում կործանվել լիճը։

Մեկ շաբաթ առաջ որոշեցի կրկին այցելել Սևան և տեսնել հնարավոր փոփոխությունները։ Փոփոխություններն, իրոք, աներևակայելի էին։ Եթե մի քանի տարի առաջ լիճը ծանր հիվանդ էր, ապա հիմա հոգեվարքի մեջ է, և դժվար է ասել՝ երբևէ կհոգեդարձվի՞։ Սևանի մայրուղուց դեպի գավառ- Մարտունի- Վարդենիսի ուղղությամբ շրջվելիս նույնիսկ մեքենայի պատուհանները ամուր փակելուց հետո էլ ջրիմուռապատ ճահճուտների գարշահոտությունից շնչահեղձ ես լինում։ Սևան թափվող 28 գետերից ամառվա ամիսներին միայն մի քանիսն են հասնում լիճ, այն էլ բնակավայրերի կոյուղաջրերի հաշվին։ Քանի որ գետերի մշտական հոսք չկա, չկա նաև Սևանի հազարամյա «սանիտարների»՝ կողակ և բեղլու ձկների՝ գետերի վերին հատվածներում ձվադրելու և բազմանալու հնարավորություն։

Սևան թափվող գետերի վրա կառուցված 9 հիդրոկայաններն էլ իրենց հերթին են ամբողջացնում աղետը՝ ընդհատելով կամ թույլատրելի սահմանից քիչ ջուր թողնելով՝ գետերի հունով հոսելու։ ՀՀ-ն էլեկտրաէներգիայի սղություն չունի, ավելին՝ էներգիա արտահանող երկիր է։ Այս պարագայում հարց է առաջանում՝ որևէ մեկը հաշվե՞լ է՝ այդ 9 կայանների, որոնց ընդհանուր հզորությունը ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդամենը 0,8 տոկոսն է, տված օգու՞տն է մեծ, թե՞ վնասը։

Սևանի կործանման պատճառները շատ են /ժամանակին չմաքրած ափերի բուսականության և շինությունների մնացորդների ջրի տակ մնալը, անթիվ օբյեկտների կոյուղիների հոսքը դեպի լիճ, Հրազդանով նախատեսվածից ավելի ջրի բացթողում և այլն։ Բոլոր խնդիրներն էլ հրատապ լուծման կարիք ունեն, բայց մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հազիվ թե թույլ տան զուտ պետական միջոցներով և կարճ ժամանակահատվածում լուծել բոլոր խնդիրները։ Բայց կարելի է գոնե մի քանի առաջնահերթ միջոցառումներ իրականացնելով՝ բավականին բարելավել վիճակը։ Այս նպատակով դիմում եմ հայ մեծահարուստ և իրո՛ք հայրենասեր գործարարներին։

Մի քանի տարի առաջ ՝ հեռուստահաղորդման ժամանակ, ցուցադրում և պատմում էին ճապոնական քաղաքներից մեկի կոյուղաջրերի մաքրման մասին։ Տարբեր փուլերով և սարքերով մշակումից հետո վերջնարդյունքում ստացված ջուրը պիտանի էր նույնիսկ խմելու։ ՈՒրեմն նման սարքավորումներ աշխարհում կան։ Ձեզ եմ դիմում, հարգելի՛ մեծահարուստներ, յուրաքանչյուրդ մեկ կամ համախմբվելով չորս հատ այդ սարքերից գնե՛ք Սևան թափվող ամենամեծ կոյուղիների / Գավառի, Մարտունու, Վարդենիսի և Վարդենիկի/ համար։

Հայոց քաղցրահամ ջրի ավազանը և հայ ժողովուրդը հավետ երախտապարտ կմնան ձեզ։ Հուսամ, որ ՖԲ-ի ընկերներս ոչ միայն կիսվելով, այլև իրենց ծանոթ-բարեկամների միջոցով կօգնեն, որ կոչս հասնի հասցեատերերին։ ՀԳ— Չգիտեմ՝ ինչու, կանխազգում եմ, որ կոչիս առաջին արձագանքողը լինելու է Տիգրան Արզաքանցյանը