Խորհրդարանական դահլիճում այսօր իրավիճակը մի պահ դուրս եկավ վերահսկողությունից, ինչի արդյունքում իրավիճակը կարգավորվեց անվտանգության աշխատակիցների մասնակցության պարագայում միայն։

Խնդիրն առաջացավ պատգամավորներից Աննա Մկրտչյանի հնչեցրած արտահայտություններից հետո, երբ նա սկսեց չենթարկվել ԱԺ նախագահի հորդորներին ու պահանջներին։

Աննա Մկրտչյանին դուրս հրավիրելու գործընթացը վերածվեց քաշքշուկի, ծեծկռտուքի։ Իրար են քաշքշել պատգամավորներն ու անվտանգության աշխատակիցները։

Լրագրողական տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է խորհրդարանական դահլիճից բավականին վրդովված ու «Հանցագործ» բացականչություններով դուրս գալիս Արծվիկ Մինասյանը։ Երևում է, որ նրա վերնաշապիկի կոճակներն արձակվել են, իսկ շապիկը՝ պատռվել։

Իսկ այդ ընթացքում Աննա Մկրտչյանը կանգնած է մնացել խորհրդարանական դահլիճի դռների մոտ, բայց նրան այդպես էլ չի հաջողվում ներս մտնել։ Կադրերում երևում է, որ նա հեռախոսով է զբաղված։

Խորհրդարանական այս թեժ քննարկման ու քաշքշուկի տեսարանը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։