Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ժամանակակից ականավոր քաղաքագետներից է, ով մշտապես ակտիվ հետևում է քաղաքական բոլոր զարգացումներին և արձագանքում դրանց տարբեր ֆորմատներով:

Քաղաքագետն այսօր բոլորում է ծննդյան վաթսունութ տարին: Նա ծնվել է 1953 թվականին: Նախ ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետը, ապա Փիլիսոփայության և իրավունքի ասպիրատուրան՝ ստանալով փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան:

Լ. Շիրինյանը 2007 թվականին ստացել է նաև քաղաքագիտության դոկտորի աստիճան: Նա դասախոսել և դասախոսում է հայկական տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այժմ ղեկավարում է Մանկավարժական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնը:

Լ. Շիրինյանը մանկավարժական և հասարակական գործունեությանը զուգընթաց ակտիվորեն զբաղվում է նաև գիտական գործունեությամբ: Նա հեղինակել է ավելի քան հիսուն գիտական հոդվածներ, որոնց մեծ մասը հենց քաղաքագիտական թեմաներով են:

Հեղափոխությունից հետո նա ձևավորել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, որը մասնակցեց նախընտրական քարոզարշավին, սակայն Խորհրդարան չանցավ ոչ բավարար ձայներ հավաքելու պատճառով:

Լ. Շիրինյանն այսօր էլ քաղաքագիտական մտքի ակնառու ներկայացուցիչներից է, ով խորապես մտահոգված է հայրենիքի ճակատագրով: