Մերի Ներսիսյանը գրում է․ «Սերը ծնվում է հանկարծ, մեզնից անկախ, որպես գերագույն պարգև: Սերը մեռնում է։ Չէ, սերը չի մեռնում, նրան uպանում են. երբեմն՝ դանդաղ, աննկատ, անփույթ, երբեմն՝ մտածված, կոպիտ, մեկ հարվածով:

Սիրո տոնին բոլորը սիրուց են խոսում, սեր են մաղթում, սեր «խոստանում», ու զարմանալի չէ, քանի որ կյանքում ամեն ինչ ապրում, շնչում, շարժվում է սիրով, հանուն սիրո, սիրո համար: Բայց կարծում եմ՝ պետք է խոսել նաև սիրո վախճանի մասին, քանի որ շատ հաճախ սերը սպանում են մեր արարքները (կամ անգործությունը), որը նույնպես արարք է:

Սերը uպանում է. ապերախտությունը, երբ սիրելիիդ գովելի բոլոր արարքները քեզ համար դառնում են սովորական, անտարբերությունը, երբ սիրելիիդ ապրումները թողնում ես աննկատ, մեծամտությունը, երբ վստահ ես, որ աշխարհը (այդ թվում սիրելիդ) հենց քո ու միայն քո շուրջ է պտտվում:

Զարմացնելու ցանկության բացակայությունը, երբ նրան ուրախացնելը, գոհացնելը այլևս քո «մտահոգությունների» ցանկում չեն, ընկերակցելու ցանկության բացակայությունը, երբ կարող ես ուտել ու չսպասել, որ սիրելիդ էլ սեղան նստի, քնել առանց նրա, սրճել, ճամփորդել առանց նրա:

Բռնությունը, երբ մեկը որոշում է, որ իրավունք ունի գոռալ, ստորացնել, կախյալ դրության մեջ պահել, խփել, ծեծել մյուսին: Դուք կբերեք միլիոն պատճառ, որ բերում են դրան ու սպանում են սերը, բայց այս գրառումը խնդիրների մասին չէ, այս գրառումը սերը բարձր պահելու, փրկելու մասին է, իսկ վայր գցողն էլ, uպանողն էլ մարդն է, որոշ դեպքերում՝ զույգից մեկը, որոշ դեպքերում՝ երկուսն էլ:

Գովել, հիանալ, լսել, հասկանալ, հոգ տանել, զարմացնել, ծիծաղեցնել, օգնել, ոգևորել, երջանկացնել։ Ինչքա՜ն սիրուն բառեր են, չէ՞։ Բառեր չեն, սիրո խարույկը վառ պահող ազնիվ փայտի կտորներ են: Սերը կա, քանի դեռ երկու հոգի վառ են պահում այդ կրակը։ Շնորհավոր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը»: