«Կրթությունը ուսուցչի գրկի մեջ խունացած աչքերով սուզվել–խեղդվելու ծիրն է։ Իմ կրտսեր ընկեր, որ էս տարի կմտնես դպրոց։ Տուր քո սովորողին գգվանք, լացելու հուզում եւ կասկածելու ունակություն»

Մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը գրում է․ «Նամակ ընկերոջս, կոլեգայիս, ուսուցչին։ Իմ լավ ընկեր, երբ դու մտնես դպրոց, առաջին բանը որ կանես, քո ուսուցիչներից ժառանգածն է։ Բայց դու մեղավոր չես, գերին չես, բրախի էդ ամենը․

–Պարոն Թոքմաջյան, էս տարի մի տեսակ բարի եք, հասկանում եք մեզ,–ասաց Մարին։

–Հա, Մարի ջան, գլխովս շատ բան է անցել, բարիացել եմ։

Այդժամ ես հասկացա, որ ուսուցիչ եմ։

Իմ անունը Վահրամ է, ազգանունս՝ Թոքմաջյան։ Երկրորդը չեք գտնի։ Միակն եմ։ Երբ ես մտա դպրոց, բուհ, ամենաթարախ դեմքն էի։ Էն ձև չէ, որ հիմա ամենաթարախը չեմ, բայց տարբերում եմ մարդուն։ 13 տարվա կրթությունն ինձ ապտակեց հետեւյալ կերպ․

Այն ինչ կարելի է աստվածներին, չի կարելի ուսուցիչներին, բայց այն ինչ կարող են անել ուսուցիչները, չեն կարող անել աստվածները։ Այստեղից սկսվեց իմ հայեցողությունը։ Սկսեցի չգնահատել, թույլ տալ, որ չսովորեն, բայց համերաշխ լինել։ Իմ սովորողը կարող է դուրս գալ դասից ցանկացած ժամի։

Սիրելի ընկեր, ընդունենք, որ մենք երբեմն զզվում ենք մեր կողակցից, ընկերոջից, ամուսնուց, ծնողից, արդ՝ սովորողն ինչու՞ չպետք է հոգնի մեզնից։ Հետո հասկացա, որ մարդուն ծաղրել պետք չէ։ Աշոտ ունեի, որը պահեստամասերի գործ էր անում ու լավ վաստակում։ Չգիտեմ ինչու, նրան բերել էին ավագ դպրոց։ Աշոտը երկու տող կարդալ չգիտեր։

Դու պետք է քաջալերես նրան մեկ տող կարդալու համար։ Ձեռքը բռնես ու քայլես տողերով։ Հենց ծաղրեցիր Աշոտին, դու ոչ միայն ուսուցիչ չես, նաեւ մարդ չես։ Աշոտի հետ տարվա վերջում մենք կարդացինք 25 տող։ Հետո գնաս յուրաքանչյուր սովորողի մոտ։ Օգնես կասկածել, հարցեր տալ, հետդ բանավիճել, խռովել, կռվել ու գրկվել։ Սա կրթություն է։

Իմ կրտսեր ընկեր, դու երբեք չես իմանա, թե Ռուբենի հայրը մորն ինչպես է ծեծել այդ գիշեր, դու երբեք չես իմանա, թե Մարիամիկի տատին ինչ խենթություն է արել, դու երբեք չես իմանա, թե Ժոռիկն ինչպես է սիրում Զառայի ու երբեք չես իմանա, թե քեզ ինչպես են ս․․․․

Կրթությունը ներելու մասին է ու շնորհակալության էսթետի։ Կրթությունը ուսուցչի գրկի մեջ խունացած աչքերով սուզվել–խեղդվելու ծիրն է։ Իմ կրտսեր ընկեր, որ էս տարի կմտնես դպրոց։ Տուր քո սովորողին գգվանք, լացելու հուզում եւ կասկածելու ունակություն»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: