«Իսկ իսկ ծնողներս ո՞ւր թողնեին յոթ — ութ տարեկան մանչուկիս․․․ Այնպես որ՝ հառա՛ջ, փոքրիկ․․․»

Դավիթ Մուրադյանը գրում է․ «Մայիսն սկսվում էր շքերթով: Այդպիսին էր սովետական տարիների կարգը: Առավոտվանից՝ շքերթ, իսկ մութն ընկնելուց հետո՝ հրավառություն: Այս վերջինն ինձ դուր էր գալիս: Սպասում էի անհամբերությամբ, — Եկմալյան փողոցից, բակերով, արագ — արագ ելնում էինք Պրոսպեկտ, երկինքը դառնում էր երփներանգ։

Իսկ շքերթի գնալ շատ էլ չէի սիրում, որովհետև շարժվում էինք դանդաղ, այդ ճանապարհին՝ մինչև հրապարակով ու Լենինի արձանի մոտով անցնելը, երկարատև դադարներ էին լինում, հոգնում էի: Բայց գնալն անխուսափելի էր, քանի որ բոլոր քիչ թե շատ նշանակալի հիմնարկները պարտավոր էին կուռ շարքերով ներկայանալ: Եվ Օպերան ու Գեղարվեստա-թատերականը՝ նույնպես, իսկ ծնողներս ո՞ւր թողնեին յոթ — ութ տարեկան մանչուկիս:

Այնպես որ՝ հառա՛ջ, փոքրիկ, կարմիր դրոշակը ձեռքիդ, հեռանկարում՝ այդ տարվա առաջին պաղպաղակը Երևանի լավագույն անուշարանում ճաշակելու մխիթարությամբ, որը դարձյալ Պրոսպեկտում էր, այսօրվա «Զիգզագի» ու խաղալիքների խանութի զբաղեցրած տարածքում:

Արևը սովորաբար վառում էր: Օդում երաժշտություն էր թնդում՝ բոլոր լապտերասյուններին ամրացված ռադիոհաղորդիչներից: Հրաչուհի Ջինանյանն ու Մարատ Հալաջյանը տոնական — հերոսական բանաստեղծություններ էին արտասանում, — «Հազար շեփո՛ր թող հնչեն այս առավոտ»- ողջունում շքերթի մասնակիցներն: Զորօրինակ՝ «Հրապարակ են մտնում մեր փառապանծ սպորտսմենները: Կեցցե՛ն օլիմպիական չեպիոններն ու Եվրոպայի գավաթակիրները, փա՛ռք մարզաշխարհի ներկայացուցիչներին»։

Ամիրյան փողոցում շարքերը փոքր ինչ կանգ էին առնում: Գլխավոր ստուգատեսից առաջ վերջնականապես դասավորվում: Շատերի ձեռքերին, դրոշներից ու տրանսպորանտներից բացի, Պոլիտբյուրոյի անդամների դիմանկարներն էին՝ բարձր ձողերի վրա ամրացված — Միկոյան, Շվերնիկ, Վորոշիլով եվ այլք:

Պատասխանատու պահ է, հասկանում եք: Ուստիև ռեկտորը՝ Արա Սագսյանը, դժվարությամբ մագլցում է գլխամասային բեռնատարի վրա, որի թափքին կանգնած ուսանողները զանազան կերպարներ են մարմնավորում՝ հանքափոր, հնձվոր, ջուլհակուհի, երաժիշտ, որպեսզի ստուգի պատրաստվածության աստիճանը, և ձեռքը տանում սրտին: «Դալա՛նը մտցուցեք, — հուզմունքի պահին յուր պատանեկության լեզվին վերադառնալով բղավում է նա, — շո՛ւտ, փեզեվեկնե՛ր»։

Իսկ Ռաֆայել Աթոյանին հիշո՞ւմ եք: Մեր լավագույն գեղանկարիչներից մեկը: Նա, ում Դովլաթյանը, արդեն առաջացած տարիքում, նկարահանեց իր հայտնի «Կարոտ» ֆիլմում, Առաքելի դերում: Իր համակուսեցիները նրա պորտրետն էին արել, ամրացրել ձողին, ու հանդիսավորապես բերում էին Միկոյանի, Շվերնիկի, Վորոշիլովի և այլոց հետ համախումբ: Ի դեպ, պորտրետակիրներից մեկը ապագա կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն էր, բայց արդյո՞ք հենց նա էր բերում Աթոյանին՝ չեմ կարող ասել»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: