Աշոտ Տեր-Մինասյանը գրել է․ «Ինչի մասին որ գրում եմ, ականատես եղան հազարավոր երևանցիներ։ Երևան սիթի կոչվող խանութների ցանցը մարտ և ապրիլ ամիսներին 1 ամսվա ընթացքում 90000 դրամի կատարած գնումների դիմաց գնորդներին տրամադրել էր վիճակախաղի տոմսեր։ Վիճակահանությունը մայիսի 7-ին Նորքի զանգվածում գտնվող Երանև սիթիում էր՝ տոմս տրամադրողների ասելով՝ ժամը 12-ին։ Մասնակիցների մեջ էի և ես։

Ժամը 11-ից մեքենաները կանգնելու տեղ էին որոնում ՝ թեկուզ մեկ կանգառ հեռավորության որևէ անկյունում։ Գայի պողատայում ձևավորված խցանումը ձգվում էր Ն․ զանգված տանող բոլոր ճանապարհներից սկսած։ Մարդկային հոսքը սկիզբ ու վերջ չուներ, բայց տեղ հասնողներին հայտնում էին, որ վիճակահանությունը կայանալու է ժամը 14-ին, այն էլ խանութի ետնամասում գտնվող բաց տարածքում՝ հնարավոր անձրևի դեպքում թրջվելու հավանականությամբ։ Հասկանալի է, որ տարբեր թաղամասերից մի կերպ տեղ հասածները ստիպված սպասում էին։

Ի վերջո իրոք 14-ին վիճակահանությունը սկսվեց։ Հայտարարվեց, որ 100 տոմս շահելու է 100000- ական դրամ, հետո լինելու են մի քանի ավելի մեծ շահումներ, վերջում էլ՝ ավտոմեքենա։ «Բեմահարթակին» մոտ տարածքները ժամեր առաջ արդեն նվաճված էին, ուշացողները խռնվել էին նույնիսկ 3-րդ զանգվածի հարակից փողոցում, շահող տոմսի տերը բազմությունը ճեղքելու համար երբեմն 5 րոպեից ավելի «մաքառում» էր․․․ Իսկ ծաղրուծանակը /ուրիշ բառ չեմ գտնում/ վարողի սցենարում հավանաբար նախատեսված էր ամեն տոմսի համարը հայտարարելուց հետո որևէ տափակ հումորով երկարացնել ոտքի վրա ժամերով կանգնած մարդկանց հոգնությունը։

Մարդկանց շարքերում կային ծերեր, հղի կանայք, հենակներով, նույնիսկ սայլակով տեղաշաժվող հաշմանդամներ, երեխան գրկած մայրեր։ Առաջին 50 րոպեում ընդամենը 20 տոմսի համար էր ընթերցվել։ Նկատեցի, որ ոմանք, այս նսեմացնող ծաղրանքից զայրացած պատռում են իրենց տոմսերը և հեռանում․ ես էլ հետևեցի նրանց օրինակին։ Բայց զարմանալին այն էր, որ շնչակտուր մարդկանց՝ տեղ հասնելու ստվար հոսքը շարունակվում էր։ Ծանոթ հանդիպեց․ ասաց՝ խցանման պատճառով Ավանի կամուրջից ոտքով է գալիս։ Գայի պողոտայում մեքենաները այլևս գրեթե չէին կարողանում շարժվել։

Ինքս ինձ չէի ներում, որ թեկուզ այդ չափով մասնակցել եմ այդ խեղկատակությանը։ Դեպի Զեյթուն հետդարձիս ճանապարհը համեմատաբար անցանելի էր, բայց հակադիր գծում անշարժ քարացած մեքենաների վերջը չէր երևում։ Ավանի կամրջի վրայով անցնելիս հայացք գցեցի Մյասնիկյան պողոտային՝ վիճակը նույնն էր։ Նույնն էր նաև Զեյթունից Ն․ զանգվածներ եկող գծում, ավելին՝ ՈՒլնեցու և Պ․ Սևակի խաչմերուկը ևս անշարժ էր։

ՈՒզում եմ հասկանալ՝ հազարավոր քաղաքացիների հանգստյան օրվա ծրագրերը խափանող ու նյարդերին վնասող, քաղաքի մի մեծ հատվածում տրանսպորտի աշխատանքները ժամերով կաթվածահարած այս ԾԱՂՐԱՇՈՈՒԻ փոխարեն չէ՞ր կարելի որևէ հեռուստաալիքում կատարել վիճակահանությունը, շահած տոմսերի տվյալները/ըդամենը 100-ից քիչ ավել / ներբեռնել Ե․ սիթի կայքում և խանութներում էլ կատարել վճարումները»։